Մատչելիության հղումներ

Սանկտ Պետերբուրգի իրավապաշտպանները բողոքարկել են Պուտինի հրամանագիրը


Ռուսաստան - Ոստիկանությունը վարժանքներ է իրականացնում Սանկտ Պետերբուրգի նոր մարզադաշտի մոտ, որտեղ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղեր են անցկացվելու, ապրիլ, 2018թ.
Ռուսաստան - Ոստիկանությունը վարժանքներ է իրականացնում Սանկտ Պետերբուրգի նոր մարզադաշտի մոտ, որտեղ ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղեր են անցկացվելու, ապրիլ, 2018թ.

Սանկտ Պետերբուրգի իրավապաշտպան երիտասարդական կազմակերպությունը բողոքարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը, որը վերաբերում է ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը հյուրընկալող քաղաքներում մարզական միջոցառումների հետ կապ չունեցող հավաքների անցկացման կարգին:

Այդ հրամանագրով՝ հունիսի 1-ից մինչև հուլիսի 12-ը Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Թաթարստանում և Կրասնոդարի երկրամասում, իսկ մայիսի 25-ից մինչև հուլիսի 25-ը՝ հավելյալ ևս 7 մարզերում հավաքներ անցկացնելու հատուկ կարգ է մտցվում: Ըստ այդմ՝ սպորտային միջոցառումների հետ կապ չունեցող հավաքների վայրը պետք է որոշեն տեղի իշխանությունները՝ համաձայնեցնելով ոստիկանության և անվտանգության ծառայության հետ:

Սանկտ Պետերբուրգի իրավապաշտպան երիտասարդական կազմակերպությունը դիմել է Ռուսաստանի Սահմանադրական դատարան և Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Կազմակերպությունը պնդում է, որ իշխանությունները փաստորեն արգելում են բողոքի ակցիաների անցկացումը, որպեսզի զբոսաշրջիկները ոչինչ չիմանան մարդու իրավունքները հարգելու՝ քաղաքացիների պահանջների մասին: Երիտասարդ իրավապաշտպանները պնդում են, որ այդ հրամանագիրը չինովնիկներին ազատում է կոնկրետ վայրերում ակցիաները մերժելու հիմնավորումներ փնտրելուց և նրանց քարտ բլանշ է տալիս հասարակական և քաղաքական բնույթի ցանկացած միջոցառման թույլտվությունները տրամադրել քաղաքների ծայրամասերում դրանց անցկացման համար:

Սանկտ Պետերբուրգի իրավապաշտպանները Սահմանադրական դատարանից պահանջում են հակասահմանադրական ճանաչել միջոցառումներն անցկացնելու հատուկ կարգ սահմանող վիճահարույց նորմերը, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից՝ անօրինական համարել դրանց կիրառման պրակտիկան:

Հիշեցնենք, ավելի վաղ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ՖԻՖԱ-ին հիշեցրել էր մարդու իրավունքները հարգելու վերաբերյալ տված խոստումը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Ռուսաստանում անցկացվելու է հունիսի 14-ից մինչև հուլիսի 15-ը, խաղերը տեղի կունենան 11 քաղաքներում:

Բողոքի ակցիաները արգելելու գործելաոճը Պուտինը կիրառել էր նաև 2014 թվականին Սոչիում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ: Նա իր հրամանագրով պարզապես արգելել էր մարզական միջոցառումների հետ կապ չունեցող հանրահավաքների անցկացումը Սոչիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG