Մատչելիության հղումներ

Կրթության փոխնախարար․ «Այբ»-ի հարցում օրենքից շեղում չի կարող լինել


«Այբ» դպրոցի նոր մասնաշենքի բացումը: 14-ը հոկտեմբերի, 2017 թ․

Նախկին կառավարության օրոք տարեկան ավելի քան 600 մլն դրամի հատկացումն «Այբ» հիմնադրամին «Արարատյան բակալավրիատ» ծրագրի իրագործման համար, Կրթության և գիտության նախարության նոր թիմը քաղաքական որոշում է համարում:

Նախարարության նոր ղեկավարությունը կարծում է, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վարչակազմի հետ սերտ հարաբերություններն են նման շռայլ հատկացումների պատճառը:

Վերջին օրերին կրթական ոլորտի ամենաքննարկվող թեմայի շուրջ հեռակա բանավեճը չի դադարում: «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը հակադարձում է՝ ո՛չ «Այբ» հիմնադրամը, ո՛չ էլ դպրոցը երբեք քաղաքականացված կառույցներ չեն եղել․ - «Որևէ քաղաքականությամբ «Այբ»-ը երբեք չի զբաղվել: Սակայն մենք միշտ նախատեսել ենք, և դա եղել է մեր ծրագրի մեջ հենց ամենասկզբից, համագործակցել ցանկացած իշխանության հետ, որովհետև հանրակրթությունը դա պետական գործ է: Դու չես կարող հանրակրթությունը զարգացնել՝ առանց համագործակցելու Կրթության նախարարության հետ»:

2016 թվականին Կառավարությունը որոշում կայացրեց թույլատրել «Արարատյան բակալավրիատ» նոր կրթական ծրագրի ներդրումը հանրակրթական դպրոցներում և ճանաչել ծրագրով ուսանած աշակերտների քննությունների արդյունքները բուհեր ընդունելության համար։ Ծրագրին միանալու հայտ էր ներկայացրել 55 ավագ դպրոց, ընտրվել՝ 21-ը: Դրանց ուսուցիչներն անցել են վերապատրաստում, ու դպրոցներում նախատեսվում էր ծրագիրը ներդնել այս տարվա սեպտեմբերից:

Սակայն կրթության նոր նախարար Արայիկ Հարությունյանն օրերս հայտարարեց, որ այսկերպ հանրակրթության ոլորտում էլիտար կղզյակներ կստեղծվեն։

«Ազատության» հետ զրույցում նույն համոզմունքը հայտնեց նաև փոխնախարար Արևիկ Անափիոսյանը․ - «Պետության կողմից արդյո՞ք արդարացի է մի դպրոցին տալ բավականին շատ գումար, որը դառնա հիանալի դպրոց, երբ մյուս դպրոցում տարրական հիգիենայի պայմանները պահպանված չեն»:

Փախչանյանն իր փաստարկներն է բերում․ - «Հայաստանում արդեն կան ավելի լավ և ավելի վատ դպրոցներ, աշխարհում կան ավելի լավ և ավելի վատ դպրոցներ», ֊ հակադարձում է Փախչանյանը՝ հավելելով, թե «Այբ»-ը էլիտար դպրոց չէ, այլ «լավ կրթության շնորհիվ հասարակության էլիտա ձևավորող է»․ - «Զուտ սկզբունքը իրագործելու հետևից եկեք բոլորին հավասար հնարավորություններ ընձեռնենք, չլինեն լավ դպրոցներ: Եկեք ֆիզմաթ դպրոցն էլ փակենք, եկեք մեր բոլոր լավ կրթօջախները հիմա կազմալուծենք, բոլորին հավասարեցնենք․․․ Բնականաբար դա կբերի միայն նրան, որ կվատթարանա կրթությունը: Պիտի լինեն կրթօջախներ, որոնք օրինակ կծառայեն մնացածների համար: Դա շատ կարևոր է և դա սկզբունքային է, դա հենց «Արարատյան բակալավրիատի» սկզբունքն է եղել ամենասկզբից, որպեսզի բոլորը հավասար հնարավորություն ունենան էդ կրթօջախներից օգտվել»:

Փոխնախարար Ափիանոսյան․ - «Կրթության ազգային ինստիտուտը ունի գրեթե նույնքան բյուջե, որքան «Արարատյան բակալավրիատի» համար էր պետության կողմից տրամադրվում: Իսկ Կրթության ազգային ինստիտուը սպասարկում է և՛ դպրոցներին, և՛ բուհերին, և՛ միջին մասնագիտական հաստատություններին՝ կրթական ծրագրերը մշակելու: Այսինքն՝ հստակ անհամաչափություն կա»:

Էջմիածնի 5-րդ դպրոցը «Արարատյան բակալավրիատի» ներդրման թեկնածու դպրոց է: Սեպտեմբերից պատրաստվում են դասավանդում կազմակերպել այդ ծրագրով: Նման դասարանում սովորելը հովանավորում է պետությունը, իսկ աշակերտներն ընդունելության քննություն են հանձնում:

Պետության կողմից «Այբ» հիմնադրամին հատկացված միջոցներով վերապատրաստում անցած ուսուցիչները պնդում են, թե ծրագիրը ոչ թե էլիտար է, այլ հավասար հնարավորություններ է ապահովում:

«Ուզում եմ ասել, որ դրա հակառակ սայրը կարող է լինել համահարթեցումը: Արդյո՞ք դա վտանգով հղի չէ: Եվ ես վախ ունեմ, որ հրաժարվել այսպիսի նախաձեռնություններից ուղիղ ճանապարհ է դեպի կաղապարներ», - ասաց նրանցից մեկը:

Ոչ միայն «Արարատյան բակալավրիատի» ծրագրին չմասնակցող, այլ չկաթացող տանիքի ու տաք դասասենյակների մասին երազող Լոռու մարզի Կուրթանի դպրոցի տնօրենը պետությունից ակնկալում է նվազագույնը՝ նորոգման համար հատկացում:

Կրթության և գիտության նախարարությունն այժմ ուսումնասիրություն է անցկացնում «Այբ»-ում: Փոխնախարար Անափիոսյանը հավաստիացնում է, եթե ֆինանսավորումը դադարեցնելու հիմքեր չլինեն, օրենք խախտել չեն պատրաստվում․ - «Ինչ որ լինի, անպայման արվելու է օրենքի տառին համապատասխան: Եթե օրենքը չի թույլ տալիս, օրենքից շեղում չի կարող լինել»:

ԿԳ նախարարություն - «Այբ» հիմնադրամ լարված հարաբերությունների մասին Ֆեյսբուքում գրառումներ է կատարում նախարարը և «Այբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՏՏ ոլորտի հայկական ծագման հայտնի գործարար Դավիթ Յանը:

Սկզբում նախարարը գրեց, որ հոգաբարձուների խորհրդի անդամ Տեր Մեսրոպ քահանան կրթության վնաս հասցրած մարդկանցից մեկն է Հայաստանում: Ի պատասխան Դավիդ Յանը գրեց, թե հնարավոր է դադարեցնի բարեգործությունը:

Ավելի ուշ նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպել «Այբ»-ի ղեկավարների հետ: Դավիթ Յանը ողջունեց կրթական համակարգի բարելավման ուղիները քննարկելու նախարարի առաջարկը:

«Ազատությանն» «Այբ»-ից և նախարարությունից տեղեկացրին, որ հնարավոր հանդիպման մասին պայմանավորվածություն դեռ չկա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG