Մատչելիության հղումներ

Քանդակագործ Դավիթ Մինասյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Առաջին Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի՝ իր հեղինակած արձանը դեռ պատրաստ չէ «տեխնիկական պատճառներով»:

Անցած շաբաթ ԱԺ - Կառավարության հարցուպատասխանի ժամանակ հայտնի դարձավ, որ մեծ աղմուկ հանած արձանի տեղադրումը հետաձգվում է: Նկատենք, որ ավելի վաղ մասնագետների մի խումբ, ինչպես նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը լուրջ քննադատության էր ենթարկել արձանի մրցույթի անցկացման կարգն ու արձանի արտաքին տեսքը:

«Հեղափոխությունն արձանը վերաձևավորելու ցանկություն չի առաջացրել», - այսօր էլ պնդում է Դավիթ Մինասյանը՝ հավելելով, թե միակ փոփոխությունը արձանը հանձնելու ժամկետների հետ է կապված․ - «Տեխնիկական պատճառներ կան դրա համար՝ կապված հեղափոխության, ցույցերի, ճանապարհները փակելու հետ: Ուշացան աշխատանքները․․․ Ուրիշ որևէ խնդիր չկա: Աշխատանքները շարունակվում են, բայց երբ կբացվի, կոնկրետ օրը որոշված չի»:

«Ազատության» հիշեցմանը, որ արձանը քննադատողներից էր Երևանի ավագանու «Ելք» խմբակցությանը, իսկ «Ելք»-ի ներկայացուցիչներն այսօր Կառավարությունում են, և հարցին, թե արդյոք մտավախություն չունի, որ դա կարող է խոչընդոտ դառնալ, Մինասյանն արձագանքեց․ - «Ես չեմ կարծում, որ դա խոչընդոտ կդառնա: Որևէ նման կարծիք, արձագանք, որոշում ես մինչև էսօր չեն լսել»:

Անցած շաբաթ, Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակի միջոցառումների մասին խոսելիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Արամ Մանուկյանի արձանի տեղադրման հետաձգման հարցը քննարկել են և՛ Կառավարությունում, և՛ ՀՅԴ գործընկերների հետ: Շատ կարևորում են արձանի տեղադրումը․ - «Այն անպայման տեղի կունենա: Որոշակի հարցեր և մտահոգություններ կան արձանի տեղի հետ կապված: Մոտակայքում, մի հարյուր մետր հեռավորության վրա գտնվում է Գարեգին Նժդեհի արձանը և քաղաքաշինական առումով պետք է հասկանալ, թե ինչքանով է ճիշտ նման մոտեցումը: Եթե ավելի լավ տեղ չգտնվի, այդ տեղը արդեն իսկ արձանագրենք, որ կա»:

Երևանի քաղաքապետարանը դեռևս անցած տարի որոշում էր կայացրել Արամ Մանուկյանի հուշարձան-կոթողը տեղադրել մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի մոտ՝ Արամի և Նալբանդյան փողոցների խաչմերուկին հարող տարածքում, որտեղ ամիսներ առաջ սկսվել էին շինարարական աշխատանքները:

Քանդակի հեղինակն ասաց, որ եթե արձանի համար առաջարկվի այնպիսի վայր, որն իրեն չբավարարի, չի համաձայնի, որ իր ստեղծագործությունը տեղադրվի այդտեղ․ - «Որովհետև երբ քաղաքապետարանը հայտարարեց մրցույթ էդ տեղի վրա, այդ տեղը ես չեմ ընտրել, չէ՞, ես էսքիզ եմ արել ու մտածել եմ էդ տեղի վրա: Էս կոմպոզիցիան, էս արձանը էդ տեղի վրա է մտածված: Եթե պետք է առաջարկվի մի տեղ, որ չի սազում արձանը տարբեր պատճառներով՝ չափսի, դիրքի, կոմպոզիցիայի, բնականաբար, կհրաժարվեմ»:

Հիշեցնենք, Երևանի ավագանու նիստերից մեկի ժամանակ «Ելք» խմբակցությունը հարց էր բարձրացրել. ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը փորձում սեղմ ժամկետում արձան պատվիրել այն դեպքում, երբ կարելի էր այս ընթացքում վերականգնել Արամ Մանուկյանի արդեն վաղուց ավերակների վերածված տունը:

Ժամանակին ավագանու անդամ, ներկայուսմ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն էր ասել․ - «Մենք մեր ունեցած հուշարձանները չենք պահում, պաթոսով նոր հուշարձաններ ենք բացում»:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանել էր, թե Արամ Մանուկյանի տունն անհատի սեփականություն է, և քաղաքապետարանը այդտեղ լիազորություններ չունի:

ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Ազատությանը» փոխանցեց, որ Առաջին Հանրապետության հիմնադիր, Ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի տունը վերականգնելու ուղղությամբ այսօր բանակցություններ են տարվում սեփականատիրոջ հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG