Հանրապետության տոնից հետո մարզպետները փոխվելու են: Այս մասին «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծականի» ժամանակ հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:
«Երբ մենք նոր մարզպետներին կնշանակենք, այդ ժամանակ դուք եթե մատնացույց անեք, ասեք՝ «գիտե՞ք, ձեր կառավարության կողմից նշանակված այսինչ մարզպետը բդեշխ է», այն ժամանակ ես կպատասխանեմ: Բայց նախորդ իշխանության կողմից ստեղծված այդ բդեշխների համար պատասխանատուն, բնականաբար, մեր իշխանությունը չէ», - ասաց Պապիկյանը:
Բդեշխը, նախարարի բնութագրմամբ, «հին Հայաստանում դա պետության չորս կողմերը ղեկավարող մարդիկ էին, որոնք նստում էին թագավորի կողքին, այսինքն՝ թագավորի երկու կողմերում նստում էին չորս բդեշխները, և անգամ նրանք, եթե թագավորը կարմիր կոշիկներ հագնելու իրավունք ուներ, նրանք մի ոտքին կարմիր կոշիկ էին հագնում»:
«Այսօրվա Հայաստանում ունենք մարզեր, որտեղ եղել են մարդիկ, այսուհետ չեն լինելու, ի դեպ, ես ուզում եմ այս մեսիջը հղել նաև իրենց, որ այսուհետ Նոր Հայաստանում չեն կարող լինել արտոնյալ մարդիկ, չեն կարող լինել իշխանության հովանավորյալներ, այլապես մեր հեղափոխությունը ոչ մի իմաստ չէր ունենա», - հայտարարեց Պապիկյանը՝ շեշտելով․ - «Մենք չենք եկել ընդամենը փոխարինելու նախորդ պաշտոնյաներին մեզանով ու շարունակել հովանավորել այլ անձանց, ոչ, այսօր մենք բերում ենք նոր որակի, նոր մտածողությամբ իշխանություն, և լինելու են նոր որակի պաշտոնյաներ, այսինքն՝ պաշտոնյան պիտի հասկանա, որ ինքը չի կարող ունենալ բիզնես, ինքը չի կարող լինել որևէ մեկի հովանավոր, այսպես կոչված՝ «տանիք», քանի որ դա օրենքով պատժելի է»:
Դիտարկմանը՝ այսինքն, պետք է փոխվեն բոլոր մարզպետները, նախարարը արձագանքեց․ - «Պիտի փոխվեն բոլոր նրանք, ովքեր իրենց էությամբ և բովանդակությամբ չեն համապատասխանում Նոր Հայաստանի տեսլականին»:
Հարցին՝ «իսկ որքա՞ն շուտ է դա լինելու», Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ - «Տոնակատարությունների ավարտից հետո մենք կծանոթանանք նոր մարզպետների հետ»:
Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․