Պորտուգալիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուն երեկ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլի» նկատմամբ 3-1 հաշվով տարած հաղթակակից հետո ասել է, թե չի կարող երաշխավորել, որ կմնա «արքայական» ակումբում:
Marca իսպանական պարբարականին տված հարցազրույցում Ռոնալդուն ասել է, որ իր որոշման հարցում փողը նշանակություն չունի:
«Ես հինգ անգամ հաղթել եմ Չեմպիոնների լիգայում, հինգ անգամ «Ոսկե գնդակն» եմ ստացել, ես իմ անունը գրանցել եմ պատմության մեջ, բայց չեմ կարող թաքցնել՝ ես դեռ համոզված չեմ, որ կմնամ «Ռեալի» կազմում»,- ասել է Ռոնալդուն:
Այդ հարցազրույցում պորտուգալացի գերաստղը բազմիմաստ հրետոռական հարց է ուղղել «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին: «Կյանքը ոչ միայն փառքն է, չէ՞, Ֆլորենտինո»,- ասել է Ռոնալդուն:
Պորտուգալացի ֆուտբոլիստը 2009 թվականին է «Մանչեստեր Յունայթեդից» տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Պայմանագրի արժեքը կազմել է 80 միլիոն բրիտանական ֆունտ, ինչն այն ժամանակ ամենաթանկ տրանսֆերն է համարվել:
Ռոնալդուն չորս անգամ «Ռեալի» կազմում նվաճել է Չեմպոինների լիգայի գավաթը, երկուական անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և գավաթակիր, երեք անգամ դարձել է աշխարհի չեմպիոն ակումբների մրցաշարում:
«Մանչեստեր Յունայթեդի» կազմում Ռոնալդուն երեք անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, մեկ անգամ վաստակել է Չեմպիոնների լիգայի գավաթը, մեկ անգամ դարձել է Անգլիայի գավաթակիր և մեկ անգամ էլ աշխարհի չեմպիոն ակումբային մրցաշարում: