Մայիսի 26-ին Կիևում Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 3-1 հաշվով առավելության է հասել Լիվերպուլի նույնանուն ակումբի նկատմամբ:
«Թագավորական» թիմի կազմում 51-րդ րոպեին առաջին գոլը խփել է Կարիմ Բենզեման, 55-րդ րոպեին «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն հավասարեցրել է հաշիվը, ապա 64-րդ և 83-րդ րոպեներին հաջողության է հասել «Ռեալի» կազմում փոխարինման դուրս եկած Գարեթ Բեյլը:
Հարկ է նշել, որ «Ռեալի» առաջին և երրորդ գոլերը «Լիվերպուլի» երիտասարդ դարպասապահ Լորիս Կարիուսի կոպիտ սխալների արդյունք են, թեպետ այլ դրվագներում նա տպավորիչ խաղ է ցույց տվել:
Առաջին խաղակեսի 30-րդ րոպեին փոխարինվել է«Լիվերպուլի» լավագույն հարձակվող Մոհամեդ Սալահը, ով վնասվածք է ստացել «Ռեալի» պաշտպան և ավագ Սերխիո Ռամոսի կոպիտ խաղի պատճառով:
Մարզիչ Զինեդին Զիդանի ղեկավարությամբ Մադրիդի «Ռեալը» երրորդ տարին անընդմեջ վաստակում է ՈՒԵՖԱ-ի գավաթը, ինչը մեծ նվաճում է Հին մայր ցամաքի ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարի պատմության ընթացքում:
«Լիվերպուլը» վերջին անգամ Եվրոպայի Չեմպիոնների լիգայի գավաթը վաստակել է 2005 թվականին: