Մատչելիության հղումներ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու տարեշրջանի բացմանը


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տիկնոջ և երեխաների հետ միասին մասնակցել է Երևանի կենդանաբանական այգու հերթական տարեշրջանի բացմանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, նախ հիշեցրել է, որ այգու վերակառուցման և զարգացման ծրագիրը մեկնարկել էր դեռ 2012թ-ից, որի առաջին փուլն ավարտին էր հասցվել 2015 թվականին և, հաշվի առնելով իրականացված մեծածավալ աշխատանքների արդյունքն ու բնակիչների ոգևորությունը, Երևանի քաղաքապետարանը նախաձեռնեց 2-րդ փուլի աշխատանքներն ու 2016թ.-ին տվեց դրանց մեկնարկը:

«Կենդանաբանական այգին մենք համարում ենք Երևանի այցեքարտերից մեկը և այն ծրագիրը, որը նախաձեռնեցինք ու այս տարիների ընթացքում հաջողությամբ կյանքի կոչեցինք, ուներ մեկ նպատակ. հանգստի այս գոտին դարձնել հարմարավետ ու ժամանակակից չափորոշիչներին համապատասխան: Այսօր ուրախությամբ պետք է փաստեմ, որ Կենդանաբանական այգու հերթական այս տարեշրջանը մենք սկսում ենք զարգացման ծրագրի երկրորդ փուլն արդեն ավարտած, որի արդյունքում, ինչպես և խոստացել էինք, այգին համալրվել է ավելի մեծ և ընդարձակ ազատավանդակներով, ինչը հնարավորություն կտա այցելուներին առավել բնական միջավայրում և ավելի հարմարավետ հարթակներից տեսնել կենդանիներին: Արդեն վստահաբար կարող ենք նաև ասել, որ Երևանի կենդանաբանական այգին, որը ժամանակակից լուծումներով և այցելուների սպասարկման ու կենդանիների պահպանման չափանիշներով համապատասխանում է միջազգային նորմերին, դառնում է իսկապես տարածաշրջանային առաջատար կենտրոն, որը տարվա բոլոր սեզոններին անընդմեջ կընդունի այցելուների: Հաջողված հերթական մեր այս ծրագիրը ևս մենք նվիրում ենք Երևանի հիմնադրման 2800-ամյակին», - նշել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը նաև հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է մեկնարկել ծրագրի երրորդ փուլը, որով էլ, ըստ էության, ամբողջությամբ կավարտվեն այգու վերակառուցման աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG