Մատչելիության հղումներ

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին


Նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 26-ին Թբիլիսիի Անկախության հրապարակում ներկա է գտնվել Վրաստանի Առաջին Ժողովրդավարական Հանրապետության 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Իր խոսքում Հայաստանի նախագահը ջերմորեն շնորհավորել է Վրաստանի բարեկամ ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ պետական անկախության վերականգնման 100-ամյա հոբելյանի առթիվ և նշել, որ իր համար մեծ պատիվ է այդ հրաշալի առիթով լինել այնտեղ։ «Իմ երկիրը նույնպես երկու օր հետո՝ մայիսի 28-ին, կնշի Առաջին Հանրապետության 100-ամյակը»,-ասել է Հայաստանի ղեկավարը:

Նախագահ Սարգսյանի խոսքով, հայ-վրացական բարեկամությունը ոչ թե հարյուրամյա, այլ հազարամյա պատմություն ունի, և երկու ժողովուրդներն ունեն բազմաթիվ ընդհանրություններ։ «Փաստ է, հրաշալի փաստ, որ մեր երկու ժողովուրդները հարյուրամյակներ շարունակ ապրել են կողք-կողքի, միասին պայքարել իրենց անկախության և արժանապատվության համար, և երբևէ չեն ունեցել որևէ խոշոր հակամարտություն կամ թյուրըմբռնում։ Սա հատկապես շատ գնահատելի պետք է լինի մեզ համար՝ հայերի ու վրացիների նոր սերնդի համար»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը։

Հայաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել այդ վեհաշուք հանդիսությանը մասնակցելու հրավերի, ինչպես նաև հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար: Նա իր երախտագիտությունն է հայտնել հրաշալի քաղաք Թբիլիսիին, որը շատ երկար տարիներ եղել է Հարավային Կովկասի մշակութային կենտրոնը։ Արմեն Սարգսյանն ասել է, որ Թբիլիսին իր համար հատուկ է նաև, քանի որ այնտեղից է սերում իր ընտանիքի մի մասը՝ տիկնոջ մեծ ծնողները, քաղաք է, որտեղ բացի վրացերենից, խոսում են բազմաթիվ այլ լեզուներով, այդ թվում նաև՝ հայերեն։

Շարունակելով իր խոսքը հայերեն՝ նախագահ Սարգսյանն ասել է․ - «Մեր երկու ժողովուրդների համար պատմական այս հոբելյանների հիմքում ընկած է ազատության գաղափարը, որը շարունակում է առաջնորդող մնալ մեզ համար նաև այսօր: Այսօրվա իրողությունները մեզ պարտավորեցնում են ոչ միայն պահպանել, այլև զարգացնել և բազմապատկել մեր ունեցած արժեքներն ու ձեռքբերումները, ստեղծել այն նորը, որն արժանի կլինի հիշատակության և ինչու չէ, ընդօրինակման: Հակամարտությունները խաղաղությամբ կարգավորելու, հարավկովկասյան տարածաշրջանը զարգացած ու համերաշխ դարձնելու մեր բոլոր ջանքերը բխում են հենց մեր դավանած արժեքներից»:

Ավարտելով խոսքը՝ Հայաստանի նախագահը պատմական հոբելյանի առթիվ ևս մեկ անգամ շնորհավորել է բարեկամ վրացի ժողովրդին և մաղթել խաղաղություն, բարգավաճում ու ամենայն բարիք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG