Մատչելիության հղումներ

Զովունիի բնակիչները նախկին գյուղապետին մեղադրում են չարաշահումների մեջ


Զովունիի բնակիչ Արկադի Գալստյանը տեղական ու մարզային իշխանության ներկայացուցիչներին մեղադրում է անգործության մեջ, ասում է՝ մեծ բյուջե ունեցող համայնքում գումարը նպատակային չի օգտագործվել, չարաշահումներ են տեղի ունեցել։

Գյուղացիներից մեկն էլ թվարկում է Զովունիում տեղի ունեցած աշխատանքները, նոր կառույցների, փողոցների ասֆալտապատման և լուսավորության վրա ծախսված գումարներն ու պնդում․ - «Յուրաքանչյուր ծախսված 1000 դրամ գումարի հետևում թաքցված է ևս 1000 դրամ յուրացված գումար»:

Բնակիչներն ասում են՝ չարաշահումների մասին հիմա չէ որ բարձրաձայնում են։ Ավելի վաղ դիմել են իրավապահ մարմիններին, սակայն քրեական գործ այդպես էլ չի հարուցվել, որովհետև նախկին գյուղապետ «Սիմոնյան Վրույրը թունդ հանրապետական էր»:

Նախկին գյուղապետ, այժմ արդեն Զովունի համայնքի վարչական ներկայացուցիչ Վրույր Սիմոնյանը իր հասցեին հնչած մեղադրանքները չի ընդունում, դրանք հերյուրանք է որակում։ Ասում է՝ իր ղեկավարման մեկ տարված ընթացքում այնքան աշխատանք է արվել, որքան չէր արվել վերջին քսան տարիների ընթացքում․ - «Եթե մարդիկ կանգնում են, ասում են 14 միլիոնով զբաղմունքի կենտրոն՝ Շախմատի տուն է կառուցվել, այդ մարդիկ թող մի հատ հասկանան, որ էդ 14 միլիոնի 30 տոկոսը գնում է պետությանը: 3 փողոց ասֆալտապատել ենք, 7 փողոց լուսավորել ենք: Ի՞նչ է, արդյունավետ չե՞նք օգտագործել էդ գումարները»:

Սիմոնյանը պնդում է, քրեական գործեր չեն հարուցվել ոչ թե այն պատճառով, որ ինքը հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է եղել, այլ այն պատճառով որ խախտումներ թույլ չի տվել։ Ասում է հիմա էլ պատրաստ է բոլոր փաստաթղթերը ներկայացնել։

Զովունին մի քանի ամիս է արդեն՝ խոշորացված համայնք է ու միացել է Եղվարդ քաղաքին, Սիմոնյանն ասում է՝ խնդիրները մի օրում չեն լուծվում, այժմ էլ են ակտիվ աշխատում են: Աղբամաններ են տեղադրվել, ասֆալտապատման աշխատանքներ են ծրագրվել, կոյուղին է վերանորոգվել, պատրաստվում են վերանորոգել նաև տեղի արվեստի դպրոցը։

Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանն ամեն ուրբաթ գալիս է Զովունի՝ լսելու գյուղացիների խնդիրները։ Այս անգամ էլ վարչական ներկայացուցչի հետ միասին ընդհանուր ժողով էր կազմակերպել։ Գյուղացիները բողոքներ ունեին գրեթե բոլոր ոլորտներից։ Հատկապես մտահոգում էր խմելու ու ոռոգման ջրի հարցը։

Գյուղացիների խոսքով՝ ոռոգման ջրի ու ցածր եկամտի պատճառով հողը չեն մշակում։ Պաշտոնական տվյալների համաձայն Զովունիի հողերի միայն 15 տոկոսն է մշակվում։ Փակվել է Զովունիից Երևան եկող 700 մետր երկարությամբ ոտքի ճանապարհը, որով գյուղացիները սովորաբար իրենց արտադրանքը մայրաքաղաք էին բերում։ Ասում են մայրաքաղաքի մաս չեն դարձել, սակայն գյուղական կյանքով էլ չեն ապրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG