Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ մայիսի 25-ինժամանել է Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված տոնակատարություններին:
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հրապարակած հաղորդագրության համաձայն, նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ։ Այնուհետեւ տեղի է ունեցել պատվիրակությունների հանդիպումը՝ ընդլայնված կազմով։
Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի Պետականության վերականգնման 100-ամյակի միջոցառումներին մասնակցելու հրավերի և ցուցաբերած ջերմ ընդունելության համար:
Կողմերը կարևորել են փոխվստահության մթնոլորտում հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը, առկա ներուժի առավելագույնս օգտագործումը։
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին։ Վրաստանի վարչապետը, գոհունակությամբ արձանագրելով իրավիճակի քաղաքակիրթ և խաղաղ հանգուցալուծումը, կարևորել է նախագահ Սարգսյանի դերն ու ջանքերն այդ գործընթացներում և նշել, որ շահագրգիռ են հարևան երկրի կայունությամբ։ Հանրապետության նախագահն իր հերթին ասել է, որ համատեղ բոլոր ծրագրերը ոչ միայն շարունակվելու են, այլև՝ ընդլայնվելու։
«Մենք հետաքրքրված ենք լավագույնս օգտագործելու տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների ողջ ներուժը», - շեշտել է նա։