Մատչելիության հղումներ

Առգրավվել են «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերության փաստաթղթերը


Ինչպես «Ազատությանը» հայտնվեց Ազգային անվտանգության ծառայության մամլո խոսնակ Սամսոն Գալստյանը, ծառայության աշխատակիցները մուտք են գործել մաքսազերծմամբ և հարկային հաշվառմամբ զբաղվող «Նորֆոլկ քընսալթինգ» ընկերություն և առգրավել փաստաթղթերը:

Թե որն է պատճառը և մասնավորապես ինչի համար է ԱԱԾ-ն նման գործողություններ կատարել, Գալստյանը չմանրամասնեց՝ նշելով, որ այս և այլ հարցերի պատասխանները ծառայությունը կհրապարակի ավելի ուշ։

«Նորֆոլկ քընսալթինգ» ընկերությունում լռություն էր տիրում։ Աշխատանքային ժամին, երբ մենք փորձեցինք մուտք գործել ներս, դռներն արագորեն ներսից կողպեցին։ Աշխատանքային ժամերին այդպես էլ հնարավոր չեղավ զանգահարել ընկերություն՝ հեռախոսահամարներին պատասխանող չկար։

Անցած տարվա կեսերից ստեղծված այս ընկերությունը մաքսազերծում է Հայաստան ներկրված ապրանքները, ինչպես նաև զբաղվում է գործարարների հարկային հաշվառմամբ։ Տարբեր երկրներից բերված ապրանքի դիմաց գործարարները վճարում են այս միջնորդ ընկերությանը, որը լուծում է մաքսազերծման հարցերը։

Ընկերության ղեկավարը, ըստ մամուլի, «Գազպրոմ Արմենիա»-ի նախկին գլխավոր հաշվապահ Արմեն Ունանյանն է։

Տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը պատահական չի համարում, որ ԱԱԾ-ն սկսեց զբաղվել այս ընկերությամբ Պետական եկամուտների կոմիտերի արդեն նախկին նախագահ Վարդան Հարությունյանի՝ պաշտոնից ազատվելուց հետո․ - «Բնականաբար մեկը մյուսի հետ կապված է: Դժվար թե դա արվեր Վարդան Հարությունյանի օրոք, որովհետև ինքը սա ստեղծել է, որ դաշտը կարգավորի, և դրա նկատմամբ կասկածը ու հետագա գործողությունները նույն ժամանակում չէին կարող լինել»:

Թունյանի խոսքով՝ ընդամենը մեկ տարվա պատմություն ունեցող ընկերությունը Հայաստանում մենաշնորհային դիրք էր գրավում։ Ըստ նրա, սրանից առաջ տարբեր ընկերություններ էին զբաղված ներկրման հարցերով: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, մինչդեռ, որոշեց կենտրոնացնել ոլորտը «Նորֆոլկի» ձեռքում՝ այն թափանցիկ դարձնելու և կանոնակարգելու նպատակով։

Տնտեսական մեկնաբանն անցած մեկ տարում ուսումնասիրելով «Նորֆոլկ քընսալթինգ»-ի գործունեությունը՝ պնդում է, որ այն արագորեն զբաղեցրեց խոշոր հարկատուների շարքը՝ գրավելով 17-րդ տեղը։ 2017-ին այն վճարել է մոտ 7 միլիարդ դրամի հարկ, բայց նրա գործունեության թափանցիկության վերաբերյալ տնտեսագետը կասկածներ ունի։

Պաշտոնական կայքէջում այդպես էլ տեղեկություն չկա շահույթի մասին, չկան հաշվետվություններ․ - «Որևէ հաշվետվություն չկա, թե կազմակերպությունը ինչքան շահույթ ա ունեցել, էդ շահույթը ուր ա ուղղել, և այլն»:

7 տարի տեխնիկայի ներկրմամբ զբաղվող գործարար Սամսոն Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում թվարկում է «Նորֆոլկ քընսալթինգ»-ի բացթողումները․ - «Ինվոյսները գիտե՞ք ինչ ձևով էին տրվում: Իբրև թե տվյալ ֆիրման ներկրել էր, կամ չգիտեմ էդ պահին իրենք ոնց էին ձևակերպում, բայց վերջնական ձևով էնպես էր, որ այստեղ ուղղակի վաճառել ա տնտեսվարողի վրա: Գումարները պտտվում էին կանխիկ, ինչը անթույլատրելի ա էդպիսի մեծ գումարների դեպքում: Ֆիրման գրանցված էր օֆշորում, ինչը էլի անթույլատրելի ա էդպիսի մեծ գումարների դեպքում»:

Գրիգորյանն ասում է, որ ինքը մեկ կամ երկու անգամ է օգտվել այս ընկերությունից։ Փոխարենը հենց սահմանի վրա էր կատարում բոլոր վճարումները։ Ըստ գործարարի, թեև «Նորֆոլկ քընսալթինգ»-ի դեպքում ավելի քիչ էին վճարումներն ու կարճ ժամկետներում էին իրականացնում գործարքները, ինքը գերադասել է չաշխատել այս ընկերության հետ՝ անօրինականությունների չգնալու համար։ Ասում է, որ հազիվ էր դիմադրում, օրերից մի օր ընտրելու էր «Նորֆոլկի» հետ՝ ստվերի դաշտում աշխատելու ուղին․ - «Արվում էր մուտքեր, բայց ոչ ճիշտ ծավալներով, ապրանքաշրջանառությունը ճիշտ չէր փաստաթղթավորվում, ու վերջնական էսօր, օրինակ, ունենք խնդիր․ մարդիկ չեն կարողանում ՀԴՄ տրամադրել հենց էդ փաստաթղթաշրջանառության կիսատ-պռատ, պակաս լինելու պատճառով: Հա, «Նորֆոլկը» տալիս էր փաստաթղթեր, բայց էլի կիսատ-պռատ: Ով ինչ գրեր, այն կստանար․ բերել ես 100 հատ, գրի 50 հատ, բերել ես ջինս, գրի գուլպա․․․ Ո՞նց կարող էր 2-3 միլիոն բնակչությամբ Հայաստանում երկու ամսվա մեջ սպառվել 53 միլիոն զույգ գուլպա: Անհնար բան ա»:

Գործարարը դժգոհում է՝ ինչո՞ւ պետք է մասնավոր մի ընկերություն շահույթ ստանա, եթե այս գումարները կարող են գնալ պետական բյուջե։ Նա նոր կառավարությանը հորդորում է լուծել այս հարցն ու մաքսազերծումն իրականացնել հենց սահմանին․ - «Էնպես անել, որպեսզի մարդիկ կարողանան, օրինակ, Թուրքիայից միկրոներկրողը, որը ընդամենը 500-600 դոլարին համարժեք ապրանք է ներկրում, էդ մարդը կարողանա ոնց որ անում էր 20 տարի կարգոների հետ, անի պետության հետ՝ կիլոգրամով»:

Հիշեցնեմ, ԱԱԾ նորանշանակ տնօրեն Արթուր Վանեցյանն անցած շաբաթ լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե իր ունեցած տեղեկություններով, վարչապետ Փաշինյանի ընտրվելուց հետո ավանդական կոռումպացված հիմնարկներն ամբողջությամբ դադարեցրել են իրենց հակաօրինական գործունեությունը։

Վանեցյանը թվարկել էր մասնավորապես Մաքսային, հարկային մարմինները, դատական համակարգը, ոստիկանության որոշ ստորաբաժանումներ:

XS
SM
MD
LG