Մատչելիության հղումներ

«Եթե վատ զարգացում եղավ՝ մենք առավել քան պատրաստ ենք»․ Թրամփ


ԱՄՆ նախագահը հայտարարեց Հյուսիսային Կորեայի ղեկավարի հետ նախատեսված հանդիպումը չեղարկելու մասին, Վաշինգտոն, 24-ը մայիսի, 2018 թ.

Փհենյանն ուզում է շարունակել երկխոսությունը ԱՄՆ-ի հետ

Հյուսիսային Կորեան հայտարարել է, թե տակավին ցանկանում է բանակցել Միացյալ Նահանգների հետ, չնայած այն հանգամանքին, որ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ չեղարկել է նախագահ Կիմ Չեն Ունի հետ նախատեսված հանդիպումը: Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարար Կիմ Կյու Գվանը ափսոսանք է հայտնել Թրամփի որոշման կապակցությամբ:

«Փհենյանը պատրաստ է ցանկացած ժամանակ ցանկացած եղանակով բանակցել: Վաշինգտոնի կողմից հանդիպման չեղարկումը վկայում է, թե որքան ծանր վիճակում են Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների հարաբերությունները, որքան խորն է թշնամանքը և որքան հրատապ է կապերի բարելավման համար գագաթնաժողովը գումարելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է փոխարտգործնախարարը:

Նրա հավաստիացմամբ, «Կորեական թերակղզում խաղաղություն և կայունություն հաստատելու Փհենյանի դիրքորոշումն անփոփոխ է»: «Մենք պատրաստ ենք հնարավորություն և ժամանակ տրամադրել ԱՄՆ-ին»,- նաև ասվում է Հյուսիսային Կորեայի փոխարտգործնախարարի ուղերձում, որը հրապարակել է ԿԿԼԳ-ն (Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը):

Լուրջ անհաջողություն Հյուսիսային Կորեայի և աշխարհի համար

Նախագահ Դոնալդ Թրամփը երեկ խոսել է Կիմ Չեն Ունի հետ հանդիպումը չեղարկելու մասին: «Կարծում եմ՝ սա լուրջ անհաջողություն է Հյուսիսային Կորեայի և, ըստ էության, աշխարհի համար: Ես խոսել եմ [պաշտպանության նախարար] գեներալ Ջիմ Մաթիսի, գլխավոր շտաբի, մեր զինվորականների հետ, մեր բանակն ամենահզորն է աշխարհում և վերջերս էլ ավելի է ուժեղացել»,- ասել է Թրամփը:

Նա հարցը քննարկել է նաև Հարավային Կորեայի և Ճապոնիայի ղեկավարների հետ, ովքեր հավաստիացրել են, որ պատրաստ են ԱՄՆ-ի հետ կիսել դժվարությունները, այդ թվում թե՛ ռազմական, թե՛ նյութական, եթե Հյուսիսային Կորեան որևէ արկածախնդրության դիմի: «Հուսանք, որ Հյուսիսային Կորեայի ապագայի առումով տեղի կունենան դրական բաներ, բայց եթե վատ զարգացում եղավ, մենք առավել քան պատրաստ ենք»,- ասել է Թրամփը:

Միացյալ Նահանգների նախագահը Սինգապուրում նախատեսված հանդիպումից հրաժարվելու մասին Հյուսիսային Կորեայի ղեկավարին տեղեկացրել է նամակով, որը Սպիտակ տունը երեկ է հրապարակել:

Թրամփը նշել է, որ պատրաստ է տեսանելի ապագայում հանդիպել Կիմ Չեն Ունին, շնորհակալություն է հայտնել ամերիկացի բանտարկյալներին ազատելու հարցում միջնորդելու համար, միաժամանակ նշելով, որ ստեղծված հանգամանքներում, երբ ԱՄՆ-ի վերաբերյալ Փհենյանի մեկնաբանություններում առկա է բացահայտ թշնամանք՝ հանդիպումը նպատակահարմար չէ:

Թրամփի որոշմանը նախորդող օրերին Փհենյանը նորից սկսել էր դատապարտել Հարավային Կորեայի և Միացյալ Նահանգների ռազմական համագործակցությունը և անձնական վիրավորանքներ է հնչեցրել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հասցեին:

Մոլորակը մտահոգված է

Աշխարհի լիդերները մտահոգություն են հայտնել այդ հանդիպման չեղարկման կապակցությամբ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կողմերին հորդորել է շարունակել երկխոսությունը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, թե հույս ունի, որ հանդիպումն, այնուամենայնիվ, տեղի կունենա, քանի որ «Փհենյանը կատարել է ստանձնած պարտավորությունները»: Երկխոսությունը շարունակելու կոչով է հանդես եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Բավական կոշտ է արտահայտվել Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար, պետական նախարար Յոշիդե Սուգան: «Հյուսիսային Կորեային հնարավոր է պարտադրել՝ փոխել քաղաքականությունն այն դեպքում, եթե Ճապոնիան, Հարավային Կորեան և Միացյալ Նահանգները շարունակեն ճնշում բանեցնել [Փյենյանի հանդեպ], կիրառեն ՄԱԿ-ի պատժամիջոցները, և կարևոր է՝ դա անեն նաև պատժամիջոցներին հավանություն տված Չինաստանն ու Ռուսաստանը»,- ասել է Ճապոնիայի պետնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG