Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում տարածվել է Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ հուշագիրը


Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանը, արխիվ
Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանը, արխիվ

Այս ամիս ՄԱԿ-ում տարածվել է և ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջում հասանելի է Արցախի արտգործնախարարության կողմից պատրաստված հուշագիրը, որը ներկայացնում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը։

Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ փաստաթղթում փաստարկներ են ներկայացվում, որոնք «ցուցադրում են ադրբեջանական կողմի ինչպես պատմական, այնպես էլ իրավական փաստարկների սնանկությունը, որոնք` իրենց ամբողջությամբ, յուրահատուկ դրսևորումն են Ադրբեջանի մտադրության՝ հետագայում ևս խոչընդոտել Արցախի ժողովրդի կողմից իր անկապտելի իրավունքի՝ մարդու անհատական և կոլեկտիվ իրավունքի իրացումը»։

Հուշագրում ընդգծվում է, որ աղավաղված կերպով մեկնաբանելով միջազգային իրավունքի նորմերը՝ Ադրբեջանն անհաջող փորձեր է անում արդարացնել Արցախի մեկուսացմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը խոչընդոտելուն ուղղված իր ապակառուցողական քաղաքականությունը: «Տապալելով ցանկացած նախաձեռնություն, ագրեսիվ կերպով պարտադրելով առճակատման տրամաբանություն, փորձելով սանձազերծել նոր պատերազմ՝ ադրբեջանական իշխանությունները հույս ունեն փոխել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացքը, որտեղ հստակ երևում է Արցախի ժողովրդի՝ իր ապագան որոշելու վճռական դերակատարության աճող ընկալման միտում», - ասված է փաստաթղթում:

Ղարաբաղյան հակամարտությունը, որը սկսվել է Արցախի և Ադրբեջանի հայ բնակչության իրավունքների զանգվածային խախտումներով, շարունակվում է առ այսօր՝ հենց ադրբեջանական կողմի՝ Արցախի քաղաքացիների անհատական և կոլեկտիվ իրավունքները ժխտելու իր քաղաքականությունից հրաժարվելու ցանկության բացակայության պատճառով, իր հուշագրում նշել է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

«Այս քաղաքականությունը, որն արտահայտվում է, մասնավորապես, ադրբեջանական կողմից շարունակվող ռազմական սադրանքներին զուգահեռ Արցախը մեկուսացնելուն ուղղված ջանքերի գործադրմամբ, ոչ միայն Ադրբեջանի կողմից իր իսկ միջազգային պարտավորությունների ոտնահարում է, այլև լուրջ սպառնալիք՝ Հարավային Կովկասում խաղաղությանն ու անվտանգությանը»,- ասված է ՄԱԿ-ում տարածված փաստաթղթում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG