Մատչելիության հղումներ

Ակնկալվում է, որ ՌԴ-Վրաստան առևտրային միջանցքների հարցում արդեն աշնանն արդյունքներ կլինեն․ Կարասին


Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն (ձախից) և ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, արխիվ
Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն (ձախից) և ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, արխիվ

Պաշտոնական Երևանն արդեն ողջունել է ռուս-վրացական վերջին պայմանավորվածությունները:

Մոսկվան հայտարարում է, թե Ռուսաստանի և Վրաստանի միջև առևտրային միջացքները բացելու հարցում կոնկրետ արդյունքներ կարելի է ակնկալել արդեն առաջիկա աշնանը: Այս մասին ռուսական լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, պնդելով, թե վրաց բանագնացի՝ Զուրաբ Աբաշիձեի հետ երեկ Պրահայում կայացած հանդիպման ժամանակ էական առաջընթաց են արձանագրել:

Այդ հանդիպմանը կողմերը հայտարարեցին, թե էական առաջընթաց են արձանագրել և պայմանավորվել են աշխատանքային խումբ ձևավորել, որը պետք է զբաղվի «Մաքսային վարչարարության և ապրանքների մոնիտորինգի մասին» երկկողմ համաձայնագրի իրագործմամբ: Այդ փաստաթուղթը Մոսկվային ու Թբիլիսիին հնարավորություն է տալիս դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում զարգացնել առևտրային ու տրանսպորդային կապերը՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով, միևնույն ժամանակ, չանդրադառնալով դրանց կարգավիճակի հարցին:

Համաձայնագիրը ստորագրվել է դեռ 7 տարի առաջ՝ բավականաչափ ծանր բանակցությունների արդյունքում, սակայն մինչ օրս մնացել է թղթի վրա: «Այժմ մենք անցնում ենք դրա իրագործմանը»,- Ազատության «Էխո կավկազա» ծրագրին տված բացառիկ հարցազրույցում ասել է բանակցություններում ռուսական կողմի ներկայացուցիչ՝ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը:

«Մայիսի 18-ին Ռուսաստանը համաձայնագիր ստորագրեց շվերյցարական SGS ընկերության հետ, որից հետո արդեն գործնականում կսկսվի համաձայնությունների իրագործումը: Գիտեմ, որ հունիսի 7-ին Մոսկվա է գալու Շվեյցարիայի արտգործնախարարը՝ քննարկելու, թե ինչպես ենք մենք այսուհետ առաջ շարժվելու:

Անհրաժեշտ է ստեղծել եռակողմ հանձնաժողով, որը կզբաղվի այս հարցերով, կքննարկի կոնկրետ խնդիրներ, այդ թվում այն, թե ինչպես են վերահսկվելու Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրային հոսքերը, որտեղ և ինչպես են գործելու մաքսային սահմանակետերը և այլն: Սա լուրջ աշխատանք է, որը թերևս մի քանի ամիս ժամանակ կպահանջի: Սակայն կարևորն այն է, որ համաձայնություններն արդեն ձեռք են բերվել, և մենք պետք է ուղղակի գործի անցնենք»,- նաև ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

Վրացական կողմն ավելի վաղ՝ անցած տարեվերջին էր պայմանագիր ստորագրել շվեյցարական SGS ընկերության հետ, որն աշխարհում առաջատարն է բեռների տարանցման ու վերահսկողության ոլորտում: Ռուսական «Կոմերսանտի» հետ զրույցում Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն նշել է՝ նախատեսվում է, որ շվեյցարացի դիտորդները կտեղակայվեն Ռուսաստանի և Վրաստանի տարածքներում՝ ապրանքների տարանցումը հսկելու և հաշվառելու նպատակով: «Ազատության» հետ զրույցում էլ Աբաշիձեն ասել է․ «Քաղաքական կամքի դեպքում համաձայնագիրը կդառնա իրականություն: Թբիլիսին պատրաստ է դրան»:

«Մենք այժմ մտնում ենք համաձայնագրի իրագործման փուլ, մինչ այժմ պատրաստվում էինք, նախապատրաստական աշխատանքներ էինք տանում, համապատասխան համաձայնագրեր կազմում: Ընդհանուր առմամբ, սա մի առանձնահատուկ նախագիծ է, որը նախադեպ, որպես այդպիսին, չի ունեցել: Այդ իսկ պատճառով կողմերից այսքան ժամանակ պահանջվեց՝ դրան պատրաստվելու համար: Ռուսական կողմն արդեն ստորագրել է շվեյցարական ընկերության հետ պայմանագիրը, և արդեն կան նախադրյալներ՝ հաջորդ համաձայնագրի իրագործման փուլին անցնելու համար: Կարևորը քաղական կամքի առկայությունն է, որպեսզի փաստաթղթի բոլոր դրույթները բարեխղճորեն իրագործվեն: Մենք ունենք այդ կամքը, ռուսների դեպքում՝ դեռ կտեսնենք»,- ընգծել է Աբաշիձեն:

Պաշտոնական Երևանն արդեն ողջունել է ռուս-վրացական վերջին պայմանավորվածությունները: «Համաձայնագրի՝ կյանքի կոչվելու պարագայում մենք կունենանք բեռնափոխադրման այլընտրանքային ճանապարհներ այն դեպքերում, երբ Վերին Լարսի ավտոճանապարհը փակ լինի», - «Ֆեյսբուքում» գրառում է կատարել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պնդելով՝ հայկական կողմն այս հարցը բարձրացրել է 10 օր առաջ՝ Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ:

«Մենք բարձր ենք գնահատում կողմերի պատրաստակամությունն ու ջանքերը մեզ համար չափազանց կարևոր այս պայմանագրի իրականացման ուղղությամբ», - շեշտել է Հայասստանի փոխվարչապետը: Ի դեպ, արդեն հաղորդվել է, որ վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը հաջորդ շաբաթ երկօրյա այցով մեկնելու է Վրաստան: Այսօր էլ Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրավերով Թբիլիսի է մեկնում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ մասնակցելու Վրաստանի առաջին հանրապետության 100-ամյակի տոնակատարություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG