Մատչելիության հղումներ

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ Ընտրական օրենսգիրքը պետք է վերջնական ուժի մեջ մտած լինի ընտրություններից առնվազն երկու ամիս շուտ։

«Ազատության» հետ զրույցում Իոաննիսյանը նշեց՝ դա ամենանվազագույն ժամկետն է, և ինքը հուսով է, որ հունիսի 20-ին Ընտրական նոր օրենսգիրքն արդեն պատրաստ կլինի։

«Իմ մասով և մեր թիմի մասով ասեմ, որ մենք ուզում ենք ամեն ինչ անել, որ հունիսի 20-ին ունենանք նախագիծը՝ արդեն գրված տեսքով, որը կարտացոլի նաև Ընտրական օրենսգրքի փոփոխության կառավարության տեսլականը։ Մենք հիմա սերտորեն կառավարության հետ ենք աշխատում, մենք աշխատում ենք հասարակական կազմակերպությունների հետ, այլ հասարակական կազմակերպությունների, որոնք, օրինակ, հաշմանդամների իրավունքներով են զբաղվում, ազգային փոքրամասնություններով, քաղաքական ուժերի հետ ենք մենք հանդիպում, վաղը առավոտյան մենք «Ծառուկյան» խմբակցության հետ ենք հանդիպելու և նաև մյուսների՝ արտախորհրդարանական ուժերի հետ ենք հանդիպելու», - ասաց Իոաննիսյանը։

Հարցին, թե խորհրդարանում մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցության հետ հանդիպում լինելո՞ւ է, ի վերջո՝ մեծամասնությունն Ազգային ժողովում իրենք են, և իրենց միջոցո՛վ օրենսդրական փոփոխությունները պետք է կայանան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգողը պատասխանեց. - «Մենք պլանավորում ենք իրենց հետ քննարկել, բայց մենք չենք իրենց համոզողը, իրենց համոզելու ֆունկցիան մեզ վրա չէ։ Ես համարում եմ, որ իրենց համոզելը հնարավոր կլինի, բայց դա մենք չէ, որ պետք է անենք։ Մեր խնդիրն առավելագույնս լավ նախագիծ ստեղծելն է, այսինքն՝ մենք դրա համար հանրապետականների և մյուսների հետ խոսելու ենք բովանդակությունից և ոչ թե իրենց համաձայնությունը ձեռք բերելուց, որովհետև, ինչքան ես հասկանում եմ, ռեյտինգային ընտրակարգի հետ կապված իրենք այդքան էլ դրական չեն տրամադրված, բայց ռեյտինգային ընտրակարգը դա մի բան է, որը քննարկման անգամ առարկա չի լինելու»։

Մեկ այլ հարցի, թե նախագծում արտացոլված կլինե՞ն նաև «Ծառուկյան» խմբակցության և մյուս քաղաքական ուժերի տեսակետները, դա համընդհանո՞ւր փաստաթուղթ կլինի, Իոաննիսյանը պատասխանեց. - «Ես չեմ կարող ասել, որ բոլորի ցանկություններն այդտեղ կլինեն, որովհետև շատ հաճախ ցանկություններն ուղղակի իրարամերժ են։ Բայց ես հուսով եմ, որ դա կլինի առավելագույնս ընդունելի և առավելագույնս իր էությամբ լավ օրենսգրքի նախագիծ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG