Մատչելիության հղումներ

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենը հրաժարական կներկայացնի


ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյան
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյան

Այսօր Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում ուսանողների տնօրենին ուղղված քննադատությունից և հրաժարականի կտրուկ պահանջից հետո 18 տարվա տնօրեն Սամվել Առաքելյանը վստահեցրեց, որ վաղը դրա մասին հայտարարությամբ հանդես կգա։

Համալսարանի լեփ-լեցուն դահլիճում տեղի ունեցած քննարկման ժամանակ ուսանողները մասնավորապես շեշտում էին, որ 18 տարվա ընթացքում համալսարանում իշխել է կոռուպցիան, տնօրենը ճանապարհ չի հարթել երիտասարդ կադրերի համար և փոխարինող չի պատրաստել։ 2015 թվականից ի վեր բոլոր ամբիոնի վարիչներն ու դեկանները ժամանակավոր պաշտոնակատարներ են։ Ըստ ուսանողների, դա արվել է նրանց մշտապես կախվածության մեջ պահելու համար։

Իրենց ելույթներում ուսանողները շեշտեցին, որ այսօրվա դրությամբ դասախոսական գրեթե ողջ անձնակազմը Հանրապետական կուսակցության անդամ է։ Նշենք, որ ԲՈւՀ-ի տնօրենը հանդիսանում է կուսակցության Իջևանի քաղաքային խորհրդի նախագահը։

Հանրապետական կուսակցության իր անդամատոմսը հրապարակային վայր դրեց դասախոսներից Արտակ Ցուցուլյանը, որն ուսանողական խորհրդի պահանջով նշանակվեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի փոխտնօրեն։

Կոշտ քննադատությունների ենթարկված 18 տարվա տնօրենը հայտարարեց, «կառչած չէ պաշտոնից և աթոռից»։ Ավելի ուշ՝ քննարկումից հետո, ուսանողներին հայտնել է, որ վաղը հրաժարականի դիմում կներկայացնի վերադասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG