Մատչելիության հղումներ

Ռուս «պրանկերները» 18 րոպե շարունակ ՀՀ վարչապետի անունից զրուցել են Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի հետ


Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոն, արխիվ

Մոտ 10 օր առաջ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից կեղծ հեռախոսազանգ է ստացել: «Գարդիանի» հրապարակած ձայնագրությունում ՄԲ արտգործնախարարը շնորհավորում է զանգահարողին՝ վարչապետ ընտրվելու կապակցությամբ, խոսում Մեծ Բրիտանիա-Հայաստան տնտեսական հարաբերությունների, մասնավորապես, առևտրի ու ներդրումների զարգացման մասին: Զույցում շոշափվում են նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների, Սկրիպալների թունավորման, Սիրիայի քիմիական հարձակումների թեմաները:

Բրիտանիայի արտգործնախարարությունը հաստատել է, որ ձայնագրությունում զրուցակիցներից մեկն իրոք Բորիս Ջոնսոնն է: Նա, այսպես կոչված, «պրանկ» զանգի զոհ է դարձել: Այդպես են կոչում կեղծ անուններով ներկայացող զանգահարողներին: Բրիտանիայի արտգործնախարարությունը նաև հայտնել է՝ Ջոնսոնը հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի անունից զանգը կեղծ է ու ընդհատել է խոսակցությունը:

Բրիտանիայի արտգործնախարարին զանգահարել են ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (կեղծանունը՝ «Վովան») և Ալեքսեյ Ստոլյարովը («Լեքսուս»): 18 րոպե տևած խոսակցության ձայնագրությունը տեղադրվել է համացանցում: Պրանկերների զանգի առիթն այդ օրերին Սոչիում նախատեսված Փաշինյան-Պուտին հանդիպումն էր: Նիկոլ Փաշինյանի անունով ներկայացած պրանկերը Բրիտանիայի արտգործնախարարին ասել է, որ շուտով հանդիպելու է Ռուսաստանի նախագահին, կատակելով՝ հուսով է, որ վերջինս իրեն «նովիչոկով» չի թունավորի:

Բորիս Ջոնսոնը «Փաշինյանին» խորհուրդ է տվել Պուտինի հետ հանդիպմանը վճռական և ամուր լինել: Ասել է, թե 100 տոկսով համոզված է, որ Սկրիպալների թունավորման հետևում հենց Պոտինն է կանգնած, և որ իրենք շարունակելու են ճնշումներ գործադրել Պուտինի շրջապատի օլիգարխների վրա: Ջոնսոնը հավելել է՝ եթե Կենսիգթոնի (բրիտանական պալատների) վրա քար նետես, ապա այն ռուս օլիգարխի կդիպչի:

Կեղծ Փաշինյանը նաև Սիրիայի քիմիական հարձակումների մասին է հարցրել: Բորիս Ջոնսոնն ասել է, թե շատ հստակ է, որ Դումա քաղաքի վրա կատարված քլորային հարձակման հետևում կանգնած է Սիրիայի ռեժիմը, ամենայն հավանականությամբ՝ Ռուսաստանի գիտությամբ: Բրիտանիայի արտգործնախարարության պաշտոնյաներից մեկը «Գարդիանին» ասել է, որ սա հավանաբար Կրեմլի վերջին փորձն էր՝ Սկրիպալներին թունավորելուց հետո աշխարով մեկ սևացած երեսը փրկելու:

Ռուս պրանկերները հայտնել են, որ Բորիս Ջոնսոնից առաջ զանգահարել ու զրուցել են նաև Մեծ Բրիտանիայի կառավարության եվրոպական հարցերով նախարար Ալեն Դունկանի հետ: Ենթադրվում է, որ նրանք հենց վերջինիս գրասենյակից են իմացել Բորիս Ջենսոնի հեռախոսի համարը:

Վլադիմիր Կուզնեցովը և Ալեքսեյ Ստոլյարովը նախկինում պնդել են, որ կեղծ անուններով զանգահարել ու կեղծ խոսակցություններ են ունեցել նաև Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, բրիտանացի հայտնի երգիչ Էլթոն Ջոնի հետ: Վերջինիս հետ նրանք զրուցել են Վլադիմիր Պուտինի անունից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG