Մատչելիության հղումներ

Խամենեի. «ԱՄՆ-ն վստահելի գործընկեր չէ», ԻԻՀ առաջնորդը Եվրոպայից պահանջում է երաշխավորել համաձայնագրի կատարումը


Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հանդիպում է կառավարության անդամներին, Թեհրան, 23-ը մայիսի, 2018 թ.
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հանդիպում է կառավարության անդամներին, Թեհրան, 23-ը մայիսի, 2018 թ.

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին արձագանքել է 2015 թվականի միջուկային համաձայնագիրը խզելու և նոր պայմաններ ներկայացնելու՝ Վաշինգտոնի որոշմանը:

«Իսլամական հանրապետությունը չի կարող համագործակցել մի կառավարության հետ, որը հեշտությամբ հրաժարվում է համաձայնեցված միջազգային փաստաթղթերից, թատերական բեմականացումներով հայտարարում է պայմանագրից իր ստորագրությունը հետ վերցնելու մասին»,- ասվում է Խամենեիի պաշտոնական կայքում տեղադրված ուղերձում:

Թվարկելով տասնամյակների ընթացքում Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների վարած քաղաքականության օրինակները, Խամենեին ընդգծել է, որ Թեհրանը չի կարող գործ ունենալ Ամերիկայի հետ:

«Ինչո՞ւ, որովհետև Ամերիկան հավատարիմ չէ պայմանագրերին: Ամերիկայի ներկայիս նախագահը կարժանանա այն նույն ճակատագրին, որին ժամանակին արժանացել են նախորդները՝ Բուշը, Ռեյգանը, նեոկոնսերվատորները, իսկ Իրանը կհաղթի»,- ասվում է ԻԻՀ գերագույն հոգևոր առաջնորդի ուղերձում: «Կասկած չկա, որ Ամերիկան կպարտվի այն դեպքում, եթե Իրանի պաշտոնյաները մինչև վերջ կատարեն իրենց պարտականությունները»,- նաև պնդել է Խամենեին:

Թեհրանը հիմա մի շարք նախապայմաններ է ներկայացնում Եվրոպային, նկատել տալով, որ պատրաստ է կատարել 2015 թվականի համաձայնությունն այն դեպքում, եթե Եվրոպան կերաշխավորի Իրանի շահերը: Խամենեիի պնդմամբ, «երբ Ամերիկան դուրս եկավ պայմանագրից՝ Եվրոպան լռեց, հիմա եթե Եվրոպան ուզում է, որ Իրանը հարգի պայմանագիրը՝ պետք է ընդունի բանաձև, որով կդատապարտի ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևի խախտումը»:

Այդ բանաձևով ՄԱԿ-ը հավանություն էր տվել 2015 թվականի միջուկային պայմանագրին և չեղարկել Իրանի միջուկային հարցի վերաբերյալ նախկինում ընդունած բանաձևերը:

Երկրորդ պահանջը՝ «Եվրոպան չպետք է արծարծի Իրանում հրթիռներ ստեղծելու ծրագրի հարցը և չպետք է փորձի ազդել տարածաշրջանում Իրանի քաղաքականության վրա»: Երրորդը՝ «Եվրոպան պետք է հակազդի Իրանի նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցներին»: «Եվրոպան պետք է երաշխավորի, որ իրանական նավթն ամբողջությամբ կվաճառվի: Եթե Ամերիկան փորձի խոչընդոտել մեր նավթի վաճառքը, մենք պետք է ստանանք մեր նավթը ցանկացած ծավալով վաճառելու հնարավորություն»,- պնդում է Թեհրանը:

Բացի այդ, Խամենեին պահանջում է, որ եվրոպական բանկերը երաշխավորեն Իրանի հետ գործառույթների անխափանությունը: «Մենք Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հետ խնդիր չունենք, բայց ելնելով մեր փորձից՝ չենք վստահում այդ երեք երկրներին»,- հայտարարել է Խամենեին, հավելելով, որ վերը նշված երաշխիքները չստանալու դեպքում Իրանը կվերականգնի իր միջուկային ծրագիրը:

ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր ասել է, որ առաջիկայում միջուկային պայմանագրի հարցը քննարկելու է Ռուսաստանի, Չինաստանի և Եվրամիության երեք երկրների հետ: «Եթե այդ հինգ պետւթյունները կերաշխավորեն մեր շահերը՝ մենք կշարունակենք հարգել միջուկային պայմանագիրը»,- հայտարարել է Ռոհանին:

Եվրոպացիները Խամենեիի պահանջներին դեռ չեն արձագանքել, սակայն վերջին շրջանում անընդհատ նշում են, որ ցանկանում են փրկել պայմանագիրը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Սանկտ Պետերբուրգում իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ, ի շարս այլ հարցերի, քննարկելու է նաև իրանական պայմանագրի ճակատագիրը:

Այսօր այդ հարցին է անդրադարձել նաև Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին: «Եթե ստորագրել ես փաստաթուղթը՝ այն պետք է գործի: Միացյալ Նահանգների նախագահը փոխվել է, բայց պայմանագիրը մնացել է, դա է միջազգային պայմանագրերի սկզունքը»,- ասել է Մոգերինին և հավելել. «Մեզ կանխատեսելիություն է պետք, այլապես վաղը ոչ ոք չի բանակցի, մտածելով, որ հաջորդ օրը պայմանավորվածությունները կարելի է չեղարկել»:

Վաշինգտոնը դուրս է եկել պայմանագրից, պնդելով, որ իրականում այն Թեհրանին ընձեռում է միջուկային ռումբ ստեղծելու, ինչպես նաև տարածաշրջանում ու ամբողջ աշխարհում ահաբեկիչներին սատարելու հնարավորություն: Պայմանագիրը խզելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը հավանություն են տվել Իսրայելը և մի շարք արաբական երկրներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG