ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, թե առգրավել է ինտերնետ տիրույթ, որը վերահսկվում էր Ռուսաստանի ռազմական հետախուզության հետ կապ ունեցող հաքերային խմբի կողմից: Խումբը, ըստ հաղորդագրության, պատրաստվում էր խոշոր կիբերհարձակում իրականացնել, ենթադրաբար՝ Ուկրաինայի դեմ:
Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը նախօրեին էր զգուշացրել Ռուսաստանի կողմից հնարավոր կիբերհարձակման մասին՝ մայիսի 26-ին Կիևում կայանալիք ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մրցաշարի եզրափակիչ հանդիպումից առաջ:
Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել է, թե «վճռորոշ քայլեր է ձեռնարկել՝ չարամիտ այդ հարձակման ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար»:
Ավելի վաղ ամերիկյան հատուկ ծառայությունները պնդել էին, թե ռուսական հաքերային խմբերը կիբերհարձակումներ են իրականացրել և վարկաբեկող տեղեկություններ տարածել՝ ԱՄՆ վերջին նախագահական ընտրությունների վրա ազդելու համար: