Մատչելիության հղումներ

Սիմոնյանն ասում է՝ ԱԺ-ի մանդատից հրաժարվում է, որպեսզի թույլ չտա, որ իրեն զրկեն Երևանի ավագանու մանդատից


Ալեն Սիմոնյան, արխիվ

«Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը, ով երեկ հայտարարել էր ԱԺ պատգամավորի մանդատը վայր դնելու մասին, դեռևս հստակ չգիտի՝ կլքի՞ խորհրդարանը, թե կշարունակի աշխատել այնտեղ: Ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի, հրաժարականի մասին հայտարարելուց հետո պատգամավորը կարող է 7 օրվա ընթացքում հետ վերցնել դիմումը, իսկ եթե չի անում դա, ԱԺ նախագահը նրա լիազորությունների դադարեցման մասին կազմում է արձանագրություն, որի հրապարակումից հետո միայն հրաժարականը համարվում է ընդունված:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխարեն «Ելք» դաշինքի ընտրացուցակով խորհրդարանում հայտնված Ալեն Սիմոնյանն այժմ փաստացի նաև Երևանի ավագանու անդամ է: «Ազատության» հետ զրույցում նա նշեց, որ գերադասում է աշխատել քաղաքապետարանում ու հենց այդ պատճառով է հայտարարել պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։

«Հիմա բացահայտ ես ձեզ ասում եմ՝ որևէ քննարկում այս մասին չի եղել, ես դա արել եմ ինքնուրույն, դա եղել է իմ որոշումը, ես դա չեմ քննարկել որևէ մեկի հետ: Ես օգտվել եմ այն իրավական հնարավորությունից, որը տալիս է ինձ օրենքը, որպեսզի հնարավորինս ազդեցություն ունենամ քաղաքապետարանում և քաղաքապետի կողմից իրականացվող գործողություններում»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք՝ Սիմոնյանը պատգամավորի մանդատը ստացավ մայիսի 16-ին, երեկ էլ երդվեց խորհրդարանում։ Ըստ Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի, եթե ավագանու անդամը զբաղեցրել է իր պաշտոնի հետ անհամատեղելի այլ պաշտոն, քաղաքապետի կողմից կազմվում է ավագանու անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն, որը 7 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Սիմոնյանը, սակայն, կարծում է, որ ԱԺ մանդատից հրաժարվելու մասին իր հայտարարությունը հիմք է՝ ավագանիում մնալու համար, հետևաբար՝ Երևանի քաղաքապետը ապօրինություն կկատարի, եթե զրկի նրան ավագանու անդամի մանդատից։

«Կա տեղեկություն, որ քաղաքապետարանը պատրաստվում է, անկախ այն բանից՝ ես մանդադտս վայր կդնեի թե չէի դնի, դիմել ԿԸՀ՝ ինձ [ավագանու] մանդատից զրկելու համար: Ես ընդդիմացել եմ դրան և փորձում եմ թույլ չտալ»,- «Ազատությանն» ասաց Ալեն Սիմոնյանը:

Երևանի քաղաքապետարանից այսօր չհստակեցրեցին՝ արդյո՞ք Ալեն Սիմոնյանին ավագանու մանդատից զրկելու որոշում կա: Լրատվության վարչության պետը «Ազատությանը» տեղեկացրեց, որ համապատասխան ընթացակարգերի մեկնարկի դեպքում այդ մասին կտեղեկացնեն հանրությանը։

Վերջին օրերին մամուլում և սոցցանցերում ակտիվորեն շրջանառվում են լուրեր ու ենթադրություններ այն մասին, թե Երևանի քաղաքապետն առաջիկայում հրաժարական է ներկայացնելու, և նրա պաշտոնին հավակնում է Ալեն Սիմոնյանը։ Շատերն անգամ «Ալենն իմ քաղաքապետն է» կարգախոսով ֆլեշմոբ են սկսել «ֆեյսբուքում»։

Հիշեցնենք՝ ըստ Սահմանադրության, ԱԺ պատգամավորը չի կարող զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, մասնավորապես, չի կարող միաժամանակ լինել ավագանու անդամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG