Մատչելիության հղումներ

Amnesty International-ի պատվիրակությունը վերջին 14 տարվա ընթացքում առաջին անգամ կայցելի Ուզբեկստան


Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոև, արխիվ
Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոև, արխիվ

Amnesty International իրավապաշտպան կազմակերպության պատվիրակությունը վերջին տասնչորս տարվա ընթացքում առաջին անգամ այս շաբաթ կայցելի Ուզբեկստան։

Կառույցի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Մարիա Սթրուզերսը և նրա տեղակալ Դենիս Կրիվշեևը եռօրյա այցի ընթացքում նախատեսում են հանդիպումներ ունենալ ինչպես Ուզբեկստանի իշխանությունների, այնպես էլ քաղհասարակության ներկայացուցիչների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանության հարցերով աշխարհի ամենահեղինակավոր կառույցներից համարվող Amnesty International-ը դատարկաձեռն չի մեկնի Տաշքենդ, որտեղ վերջին անգամ 2004-ին էր պատվիրակություն ուղարկել մահապատժի վերացմանը նվիրված միջազգային համաժողովին։

Իրավապաշտպանները Միրզիյոևի վարչակազմի համար առաջարկների ցանկ են կազմել, որը կարող է նպաստել Ուզբեկստանում քրեական գործերի թվի կրճատմանը, քաղաքական դրդապատճառներով հետապնդումների ենթարկվածների արդարացմանը, ինչպես նաև մարդու իրավունքների ոտնահարումների անաչառ և արդյունավետ բացահայտմանը, ասվում է կազմակերպության տարածած հաղորդագրությունում։

«Կազմակերպությունը նկատում է, որ Ուզբեկստանի իշխանությունները վերջին մեկուկես տարվա ընթացքում որոշ դրական քայլեր են ձեռնարկել, ինչը լավատեսություն է ներշնչում», - հայտարարում են իրավապաշտպանները և միևնույն ժամանակ նշում, որ, այդուհանդերձ, այդ երկրում մարդու իրավունքների ոլորտում տիրող ծանր իրավիճակը մեծ անելիքներ է պահանջում։

Շավքաթ Միրզիյոևն իր նախագահության մեկուկես տարվա ընթացքում, միջազգային կառույցների գնահատականներով, որոշ կարևոր բարեփոխումներ է իրականացրել երկրում, այդ թվում՝ վերացրել խոշտանգումների պրակտիկան և փորձել կապեր հաստատել արտաքին աշխարհի հետ, ի տարբերություն իր նախորդի՝ շուրջ քառորդ դար երկիրը ղեկավարած Իսլամ Քարիմովի, ով հայտնի էր փակ, ավտորիտար կառավարման ռեժիմով և հաճախ էր հայտնվում իրավապաշտպանների քննադատության թիրախում։

13 տարի Ուզբեկստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Միրզիյոևը, ով նախագահ է ընտրվել 2016 թվականին՝ Քարիմովի մահից հետո, բանտերից ազատ է արձակել նաև մի խումբ ակտիվիստների և լրագրողների, նրանց թվում է նաև հայտնի իրավապաշտպան Ֆահրիդին Թիլաևը, ով ավելի քան չորս տարվա ազատազրկման էր դատապարտվել, իրավապաշտպանների պնդմամբ, քաղաքական դրդապատճառներով։

Մայիսի 12-ին Թիլաևի ազատ արձակումը դիտվել է որպես բարի կամքի դրսևորում՝ նախագահ Միրզիյոևի վաշինգտոնյան պաշտոնական այցի նախաշեմին։

2002 թվականից ի վեր առաջին անգամ Ուզբեկստանի առաջնորդը մայիսի 16-ին այցելել է ամերիկյան մայրաքաղաք, որտեղ Սպիտակ տանը հանդիպում է ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG