Մատչելիության հղումներ

ՃՈ․ Մի շարք զանցանքների դեպքում վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից


Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենա Երևանում, արխիվ
Ճանապարհային ոստիկանության ավտոմեքենա Երևանում, արխիվ

Հայաստանի ոստիկանությունը այսօրվանից փոփոխություն է իրականացնում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներով վարչական պատասխանատվության քաղաքականության մեջ: Այդ մասին ասված է Ճանապարհային ոստիկանության հայտարարությունում:

Մասնավորապես, ըստ հայտարարության, մի շարք վարչական զանցանքների տեխնիկական միջոցներով հայտնաբերման դեպքում, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 21-րդ հոդվածը, իրավախախտ վարորդները կազատվեն վարչական պատասխանատվությունից: Ընդ որում, վարչական պատասխանատվությունից ազատելու մասին իրազեկումը, ինչպես տուգանքների որոշումների պարագայում, տեղադրվելու է Հայաստանի ոստիկանության www.police.am պաշտոնական կայքի համապատասխան բաժնում:

Այդ զանցանքներն են.

«- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հոծ գծի կամ բաժանարար գոտու կամ երթևեկելի մասի հակառակ կողմի եզրի կամ որևէ արգելքի միջև տարածությունը 3 մետրից պակաս է (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս),

- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթևեկելի մասի հետ հետիոտնային անցումների շփման եզրերից 5 մետրից պակաս վայրում (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս),

- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և հատվող երթևեկելի մասի եզրից տարածությունը 5 մետրից պակաս է (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս),

- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է այն վայրերում, որտեղ կանգնած տրանսպորտային միջոցի և ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի կամ այդ կետերի կամ տաքսիների կայանման տեղերի ցուցիչներից տարածությունը 15 մետրից պակաս է (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս),

- տրանսպորտային միջոցը կանգնեցվել է երթևեկելի մասի տեղային լայնացումում՝ եզրին ոչ զուգահեռ, որտեղ նման կերպ կանգառ կատարելը գծանշմամբ կամ ճանապարհային նշանով թույլատրված չէ (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 21-րդ մաս),

- գիշերային ժամերին (23:00-ից հետո) տրանսպորտային միջոցը կանգնեցվել է ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետում (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդված 25 մաս),

- տրանսպորտային միջոցը համընթաց հոսքերը բաժանող հոծ գծանշումը հատել է ոչ բոլոր (4) անիվներով (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 1-ին մաս),

- տրանսպորտային միջոցը խաչմերուկներն անցնելիս և խաչմերուկում շրջադարձ կատարելիս հատել է գծանշումները (կղզյակներ, հոծ գծեր, կոյուղակներ և այլն, ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 1-ին մաս)»:

Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության տեսուչների կողմից նույնպես մի շարք իրավախախտումներ հայտնաբերելու դեպքերում պարտադիր կիրառվելու է «բանավոր դիտողություն» ներգործության միջոցը, իսկ այլ՝ ոչ կոպիտ իրավախախտումների դեպքերում նշված ներգործության միջոցի կիրառումն ոստիկանության ծառայողներին խրախուսվելու է: Այդ զանցանքներն են.

«- տրանսպորտային միջոցի վարորդը այն վարելու ընթացքում ծխել է (բացառությամբ հասարակական տրանսպորտում) (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 135.2 հոդվածի 1-ին մաս),

- տրանսպորտային միջոցի վարորդը այն վարել է ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրասպորտային միջոցի՝ օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 123.4 հոդվածի 2-րդ մաս),

- տրանսպորտային միջոցի վարորդը երթևեկության գոտիները փոփոխելիս կամ մանևր կատարելիս չի օգտվել լուսային թարթիչներից (ՎԻՎ ՀՀ օրենսգրքի 124 հոդվածի 12-րդ մաս)»:

Բացի այդ, Հայաստանի տարածքի բնակավայրերի՝ 60կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվելու է, իսկ չկառավարվող հետիոտնային անցումների պարագայում՝ երթևեկությունը դրանցում կազմակերպվելու է արհեստական խոչընդոտներով (թմբեր):

«ՀՀ ոստիկանությունը լիահույս է, որ վարչական պատասխանատվության ոլորտում քաղաքականության փոփոխությունը կբարձրացնի մեր վարորդների պատասխանատվությունն ու օրինավորության մակարդակը, ինչի արդյունքում Ճանապարհային ոստիկանությունն այլևս հարկադրված չի լինի կրկին ուժեղացնել երթևեկության անվտանգության նկատմամբ հսկողությունը», - ասված է հայտարարությունում:

Միաժամանակ, Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Ոստիկանությունը աշխատանքային կարգով արդարադատության նախարարությանն առաջարկել է միջնորդել կառավարությանը՝ Ազգային ժողովում հանդես գալ համաներման ակտ ընդունելու նախաձեռնությամբ, որի արդյունքում կդադարեցվի 2012 թվականի հունվարի 1-ից առ 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կայացված վարչական ակտերի կատարումը և կչեղարկվեն 13․7 միլիարդ դրամի չափով տուգանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG