Մատչելիության հղումներ

Արդեն յոթ տարի էլեկտրոնիկայի ներկրմամբ զբաղվող գործարար Սամսոն Գրիգորյանը վստահեցնում է՝ իշխանափոխությունից հետո մաքսավորին այլևս կաշառք չի տալիս:

«Ազատության» հետ զրույցում գործարարը բացահայտել է նաև, թե ինչպես է տարիներ շարունակ գործել կոռուպցիոն շղթան:

Գործարարի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

«Ազատություն». - Երկու շաբաթ է արդեն Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել, և, ինչպես Նիկոլ Փաշինյանն ու նրա ղեկավարած կառավարության անդամներն են վստահեցնում, խաղի բոլորովին նոր կանոններ են գործում Հայաստանում։ Ես ուզում եմ նշել, որ Դուք Ձեր ֆեյսբուքյան էջում բավական վարդագույն էիք նկարագրել տեղի ունեցած փոփոխությունները գործարարների տեսանկյունից՝ նշելով, որ «մի քանի տարուց Սինգապուրը գլուխը պատովն է տալու»։ Այդ ի՞նչ եք արձանագրել, որ այսպիսի հայտարարության տեղ է տվել Ձեզ։

Սամսոն Գրիգորյան. - Արձանագրել էինք այն, որ ներմուծում անելուց արդեն ստիպված չենք լինում ինչ-որ հավելյալ վճարներ կատարել, այսինքն՝ բիզնեսն ընդհանուր առմամբ այլևս ստիպված չի լինի կաշառք տալ, սա կբերի նրան, որ մոնոպոլիան կվերանա, սա կբերի նրան, որ հավասարություն կտիրի, արդեն կերևա` ով ինչ է իրենից ներկայացնում, ով ինչ բիզնեսով է զբաղվում և որքանով է հաջողել իր բիզնեսի մեջ, ոչ թե ինչ-որ մարդկանց կլինեն հատուկ գներ, ինչ-որ մարդկանց համար ավելի կբարդացվի ամեն ինչ։

«Ազատություն». - Դուք այդ անհավասարությունը մշտապես տեսնո՞ւմ էիք։

Սամսոն Գրիգորյան. - Մշտապես զգացել ենք, մշտապես տեսել ենք, անընդհատ ականատես ենք եղել դրան, ու համոզված եղեք, որ այդքանից հետո, երբ որ հավասարություն կլինի դաշտում, երբ որ մարդիկ արդեն առանց ինչ-որ ահերի ու վախերի իրենց բիզնեսն առաջ կտանեն, զարգացումը 100 տոկոս լինելու է։ Նույնիսկ հիշում եմ` մի անգամ էլի բարձրագույն պաշտոնյաներից մեկի հանդիպման ժամանակ նա հայտարարեց, հիմա չեմ ցանկանա անունը տալ, նա ասաց՝ «ի՞նչ եք ուզում, ես չեմ կարող այդքան գումար ձեր ասած նորմալ աշխատելով հասցնել վերև», հասցնել վերև՝ մինչև նախագահ գնում էր նրա տված ուղին։

«Ազատություն». - Դուք վստա՞հ եք դրանում, բավական պատասխանատու հայտարարություն եք անում։

Սամսոն Գրիգորյան. - Իհարկե վստահ եմ։ Ես Ձեզ ասեմ՝ այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ՝ սկսած ամենավերևի օղակներից, ամենաբարձր օղակներից, բոլորը տեղյակ էին, թե ինչ էր կատարվում երկրում։ Էդ ի՞նչ եղավ, որ ընդամենը տասը օր առաջ անհնար էր ինվոյսով մաքսազերծում անել, մեկ էլ մի գիշերվա մեջ դարձավ հնարավոր։ Մենք տասը տարի պայքարում էինք էս ամեն ինչի դեմ, մեզ ասում էին՝ անհնար է, չենք կարող ապացուցել, բա որ գները խաբեն, և այլն և այլն, մեկ էլ մի գիշերվա մեջ հնարավոր դարձավ, ինչպե՞ս։

«Ազատություն». - Ձեր ասածից ստացվում է, որ շարքային մաքսավորներն ապօրինի այդ քայլերին գնացել են, որովհետև եղել է հրահանգ և պահանջ վերին օղակներից, որ պետք է գումար հավաքվի և փոխանցվի։

Սամսոն Գրիգորյան. - Այո, իհարկե, որովհետև բոլորի հետ շփվելով մենք միայն դա էինք հասկանում, մեզ միայն դա էին ասում, որ «ես չեմ կարող, ես պատասխանատու եմ դեպի վերև», ու հերթով այդպես մինչև այն ժամանակվա ՊԵԿ-ի նախագահ։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG