Մատչելիության հղումներ

Բրիտանացի փորձագետը նախազգուշացնում է բանակցային գործընթացում ի հայտ եկած նոր վտանգների մասին


Թոմ դը Վալ, արխիվ
Թոմ դը Վալ, արխիվ

«Հայաստանի նոր վարչապետը մինչև հիմա կոշտ դիրքորոշում է ցուցաբերում Ղարաբաղի չլուծված հակամարտության հարցում: Հոգևարքի մեջ գտնվող խաղաղ գործընթացը ցնցման կարիք ունի, բայց ոչ այդքան ուժեղ»: Այս մասին գրել է բրիտանացի հայտնի վերլուծաբան Թոմ դը Վալը «Կարնեգի-Եվրոպա» կայքում այսօր հրապարակված հոդվածում:

«Հայաստանի հեղափոխությունը և Ղարաբաղի հակամարտությունը» վերնագրած հոդվածում փորձագետը նախ նշում է՝ անցած ամիս Հայաստանի ժողովրդի էմոցիոնալ ալիքի ու միջազգային հանրության բարյացակամ վերբերմունքի ֆոնին տեղի ունեցած բողոքի խաղաղ ցույցերը ստիպեցին հրաժարական տալ Հայաստանի նախկին ղեկավար Սերժ Սարգսյանին՝ իշխանության բերելով ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:

«42-ամյա Նիկոլ Փաշինյանը նոր կառավարություն է ձևավորել, որի անդամներն ավելի երիտասարդ են, քան ինքը: Նա խոստացել է պայքարել կոռուպցիայի դեմ և մաքրել օլիգարխիկ հին համակարգը: Երկիրը, որը շատերը նկարագրում են մեկուսացած, լճացած ու ամբողջովին Ռուսաստանից կախված՝ կոտրեց կարծրատիպերը և հիմա ներկայանում է դինամիկ ու ժամանակակից:

Հեղափոխությունը դեռ կես ճանպարահն է անցել, բայց վերջին երկու տասնամյակի ընթացքում առաջին անգամ Հայաստանում դրական նորություններ կան»,- գրում է բրիտանացի հայտնի փորձագետը, զգուշացնելով, որ բոլոր խոստումներն ու հույսերը կարող են հօդս ցնդել, եթե Հայաստանի նոր կառավարությունը սխալվի Ղարաբաղի հարցում:

«Ադրբեջանի հետ երեք տասնամյակ շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային հոգնած գործընթացն, անշուշտ, որոշ ցնցումների կարիք ունի, բայց ոչ այդքան շատ»,- զգուշացանում է Թոմ դը Վալը: Նա հիշեցնում է Ղարաբաղի հարցով Նիկոլ Փաշինյանի հայտնած տեսակետները, հավելելով՝ «Փաշինյանն իր առաջին իսկ մեկնաբանություններում ասելով, թե Ղարաբաղը Հայաստանի անքակտելի մասն է, ցնցեց իրավիճակը, նրա խոսքն ավելի շատ նման էր ամբոխի անդամի խոսքի, քան դիվանագետի հայտարարության»:

Վարչապետ ընտրվելու հաջորդ օրը Փաշինյանը մեկնեց Ղարաբաղ, մասնակցելու հաղթանակի հերթական տարեդարձի միջոցառումներին, որտեղ պնդեց, որ Ղարաբաղի հայերը պետք է անմիջական մասնակցություն ունենան հակամարտության կարգավորման բանակցություներին:

Բրիտանացի փորձագետի մեկնությամբ՝ Փաշինյանի կոշտ դիրքորոշումը կարող է ներքին քաղաքականության մաս համարվել․ ակնհայտորեն նա անհրաժեշտություն է զգացել հաստատելու իր հանձնառությունը ազգային անվտանգությանը, երբ Ղարաբաղի հայերին հավաստիացրել է, որ կպաշտպանի նրանց: «Փաշինյանը հավանաբար անկեղծ է, Հայաստանում շատերն են կարծում, որ փոխզիջման չպետք է գնալ, 2016 թվականի հարցազրույցներից մեկում Փաշինյանն ասել էր, թե Ադրբեջանին վերադարձնելու տարածնքեր չկան»-, հիշեցնում է դը Վալը՝ անդրադառնալով Փաշինյանի դիրքորոշման հնարավոր վտանգներին:

«Այստեղ վտանգն այն է, որ եթե Հայաստանի առաջնորդը բացահայտորեն հայտարարում է Ղարաբաղի ինքնակառավարման մասին և ասում, որ 1993-94 թվականներին հայկական զորքերի կողմից Ղարաբաղի հարակից գրավված ադրբեջանական տարածքները չեն վերադարձվելու, ապա Բաքվի հետ բանակցությունների համար ոչինչ չի մնում, և երկու կողմերը վերադառնում են պատերազմի ճանապարհ»,- գրում է փորձագետը, հիշեցնելով, որ մինչև հիմա հրադադարի խախտման դեպքերը շարունակվում են, «իսկ 20116-ի չորսօրյա պատերազմը, որը 200 կյանք խլեց, մռայլ հիշողություն է, թե որքան թանկ կարող է նստել ռազմական գործողությունների վերսկսումը»:

Թոմ դը Վալը նշում է, որ հակամարտությունը հեռվից դիտարկողների համար աշխատունակ խաղաղ համաձայնության ուրվագծերը բավակաին հստակ են: «Այստեղ երկու հիմնական տարր կա՝ Ադրբեջանը ճանաչում է Ղարաբաղի հայերի ինքնակառավարվելու իրավունքը: Հայկական կողմը վերադարձնում է Ղարաբաղի շրջակա տարածքները՝ բացառությամբ Հայաստանի հետ կապող ցամաքային միջանցի»: Թոմ դը Վալը նշում է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը, մնալով երկիմաստ, կողմերին թույլ կտա համաձայնության հասնել ուրիշ հարցերում:

Նա նշում է նաև, թե Հայաստանի նոր իշխանությունների հանրային լեգիտիմությունը փոխում է իրավիճակը: Փորձագետը ճիշտ է գնահատում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցուցաբերած «զսպվածությունը», ով «ընդունակ է ռազմաշունչ հռետորաբանության, բայց մինչև հիմա իրեն հանդարտ է պահում»:

Սակայն հարցական է, թե Ադրբեջանի նախագահը որքան երկար կպահի լռելու խոստումը: Հայաստանում եթե ձգձգվող նախընտրական գործընթաց լինի, Փաշինյանը և նրա թիմը չեն ցանկանա հաշտվողական տոնով հանդես գալ, որպեսզի հարցականի տակ չդնեն իրենց հայրենասիրությունը, գրում է դը Վալը, հնարավոր համարելով, որ հայկական կողմում հակամարտության հանդեպ նոր՝ համախմբած քաղաքականության ձևավորումը կարող է շատ ամիսներ տևել:

«Մահացող խաղաղ գործընթացը վերակենդանացման կարիք ունի, բայց Հայաստանի նոր առաջնորդները պետք է զգույշ լինեն, թե ինչպես օգտագործեն փողոցում ստացած իրենց լեգիտիմությունը: Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը նուրբ կառուցվածք է, դրա փլուզումը միայն մեկ ճանապարհ ցույց կտա՝ նոր հակամարտության ճանապարհը»,- եզրափակում է բրիտանացի փորձագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG