Շվեյցարական մի շարք ընկերություններ հետաքրքրված են հայաստանյան շուկա մուտք գործելու հարցում և այժմ ուսումնասիրում են երկրի բիզնես միջավայրն ու ներդրումային հնարավորությունները: Այդ մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասսերին։
Նա նշել է, որ այցելել է Մեղրի ազատ տնտեսական գոտի՝ առկա հնարավորություններին ծանոթանալու և դրանք շվեյցարացի գործարարներին ներկայացնելու նպատակով:
Դեսպանը հեռանկարային է համարել համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում, այդ թվում՝ արդյունաբերության, զբոսաշրջության, դեղագործության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Հանդիպման ընթացքում վարչապետին են ներկայացվել Շվեյցարիայի դեսպանության և Հայաստան-Շվեյցարիա առևտրային պալատի կողմից նախատեսվող ծրագրերն ու միջոցառումները:
Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, Լուկաս Գասսերը վերահաստատել է Շվեյցարիայի նախագահի մասնակցությունն աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին և համոզմունք հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով:
Հայաստանի վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում հայ-շվեյցարական հարաբերությունների հետագա զարգացումը և ընդգծել, որ երկու երկրների միջև քաղաքական փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել ակտիվացնել ջանքերը տնտեսական ոլորտում համագործակցությանը նոր թափ հաղորդելու և առկա ներուժն իրացնելու նպատակով: Նա շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի իշխանություններին՝ Հայոց ցեղասպանության հարցում հստակ դիրքորոշում արտահայտելու և միջազգային հարթակներում սերտ համագործակցության համար:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային նշանակության ընթացիկ հարցերի: