Մատչելիության հղումներ

Պետդուման ընդունեց պատասխան պատժամիջոցների օրինագիծը


Ռուսաստանի Պետդումայի նիստ, արխիվ
Ռուսաստանի Պետդումայի նիստ, արխիվ

Ռուսաստանի Պետդուման այսօր երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է պատժամիջոցների մասին օրինագիծը, որը պատասխան է ամերիկյան և այլ երկրների պատժամիջոցներին:

Օրինագծին պետք է հավանություն տա նաև Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնության խորհուրդը, ինչից հետո այն պետք է ստորագրի երկրի նախագահը:

Օրինագծի համաձայն՝ նախագահը իրավասու է արգելել կամ կասեցնել միջազգային համագործակցությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ընդունած երկրների և այդ երկրների իրավասության տակ գտնվող կազմակերպությունների հետ:

Վերջնական տարբերակում չկան կոնկրետ ապրանքների և ոլորտների մասին տվյալներ․ թե հատկապես ինչի վրա է տարածվելու այս օրենքը, պետք է որոշի Ռուսաստանի կառավարությունը:

Օրինագիծը թույլ է տալիս Ռուսաստանի կառավարությանը արգելել ցանկացած ապրանքի կամ հումքի ներմուծումը երկիր՝ բացառությամբ կյանքի համար անհրաժեշտ այն ապրանքների, որոնք չեն արտադրվում Ռուսաստանում, ինչպես նաև արգելքները չեն կարող տարածվել այն ապրանքների վրա, որոնք ռուսաստանցիներն ու արտասահմանցիներն իրենց հետ բերում են երկիր սեփական օգտագործման համար:

Հիշեցնենք, «Միացյալ Նահանգների և մյուս երկրների թշնամական գործողություններին հակազդեցության մասին» օրենքի նախագիծը Պետդումա է ներկայացվել դեռևս ապրիլին: Նախագիծը պատասխանն էր ԱՄՆ նոր սանկցիոն ցուցակի, որում հայտնվել են նաև ռուսաստանցի օլիգարխներ Օլեգ Դերիպասկան և Վիկտոր Վեկսելբերգը:

Օրինագծի նախնական տարբերակում կար ապրանքների և ոլորտների ընդարձակ ցուցակ, որում առկա էին նաև դեղեր և բժշկական տեխնիկա, որն արտադրվում է միայն Միացյալ Նահանգներում: Ռուսական մի շարք բարեգործական ընկերություններ բաց նամակով դիմել էին Պետդումայի և Դաշնության խորհրդի ղեկավարներին՝ նշելով, որ չի կարելի պատժամիջոցներ սահմանել մասնավորապես այն դեղերի վրա, որոնք չեն արտադրվում Ռուսաստանում և որոնց ներմուծման արգելքը կարող է վնաս հասցնել ռուսաստանցիների առողջությանն ու սպառնալ նրանց կյանքին: Պատգամավորները ստիպված նախագծից հանել են այդ կետերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG