Մատչելիության հղումներ

«Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր է». ԱԳՆ խոսնակ


ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայան, արխիվ

«Արցախն ավելի շատ պետք է ներգրավվի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում և դա պարտադիր պայման է տևական խաղաղության հասնալու համար»: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

«Նոր բան չէ, որ մենք պնդում ենք Արցախի մասնակցության վրա: Դա տարիներ շարունակ ասել ենք և շարունակում ենք ասել: Պարզապես այժմ իրողություններ են փոխվել, և դրա մասին թե՛ հանրապետության վարչապետն է ասել, թե՛ այլ ձևաչափերով խոսվել է, որը ենթադրում է Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում»,- ասաց ԱԳՆ խոսնակը:

Բալայանին խնդրեցինք մանրամասնել՝ պաշտոնական Երևանը ինչպե՞ս է պատկերացնում բանակցություններում Ստեփանակերտի ներգրավվածության ավելացումը: «Ղարաբաղն այսպես թե այնպես ներգրավված է բանակցություններում, կան փաստաթղթեր, որոնցում նշվում է բոլոր կողմերի մասնակցության անհրաժեշտության մասին: Խնդիրն այլ է՝ Ադրբեջանը տարիներ շարունակ մերժել է ուղիղ բանակցել Ղարաբաղի հետ: Ես ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնական արդյունքը՝ 1994 թվականի զինադադարի հաստատաումը, եղել է Ղարաբաղի և Ադրբեջանի ուղիղ բանակցությունների արդյունքում: Գիտեք, որ Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավար Ռոբերտ Քոչարյանը և Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Հեյդար Ալիևը հանդիպումներ են անցկացրել: Գիտեք, որ եղել է ուղիղ նամակագրություն, կարծում եմ՝ Կազիմիրովի գրքին բոլորդ ծանոթ եք:

Մեր խնդիրն այսօր հետևյալն է՝ որ Ադրբեջանի իշխանությունը, որը 2003 թվականից բանակցում է Ադրբեջանի անունից, հստակ գիտակցի, որ ամուր, տևական կարգավորման հասնելու ճամապարհը Ղարաբաղի հետ բանակցելն է: Այնպես չէ, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից: Այո, մենք որպես Հայաստան, որպես Արցախի [անվտանգության] երաշխավոր, շարունակելու ենք բանակցությունները, միևնույն ժանմանակ, ասելով, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին պարատադիր պայման է՝ հստակ, հավասարակշիռ և տևական խաղաղության հասնելու համար»,- պատասխանեց Տիգրան Բալայանը:

Վարչապետի պաշտոնում ընտրվելու հաջորդ իսկ օրը Նիկոլ Փաշինյանն այցելեց Ստեփանակերտ՝ մասնակցելու յուրաքանչյուր տարի մայիսի 9-ին նշվող եռատոնին: Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը Հայաստանի ղեկավարը հայտարարեց․ «Պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում, բայց նաև կարծում եմ, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Ես նույնիսկ կհամարձակվեմ պնդել, որ պատճառներից մեկը, որ հարցի կարգավորման բանակցությունները մինչև այսօր ցանկալի արդյունք չեն տվել, թերևս նաև դա է»:

Նախորդ օրերին հայ-ադրբեջանական սահմանին զոհեր գրանցվեցին՝ մայիսի 20-ին հայկական կողմում, իսկ հաջորդ օրը՝ ադրբեջանական: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «ֆեյսբուքի» իր էջում մայիսի 20-ի երեկոյան հետևյալ գրառում էր կատարել․ «Ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ Ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ, նպատակ ունենալով բարելավել դիրքերը: Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողություններն առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք՝ զոհեր»:

Էլ ավելի վաղ՝ մայիսի 18-ին, Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտու նախիջևանյան ուղղությամբ տեղակայված հենակետ էին այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: ԱԳՆ խոսնակն այսօր այդ այցի առնչությամբ ասաց․ «Մենք հաստատակամ ենք, որ թույլ չենք տալու դիրքային փոփոխություն որևէ հատվածում: Սա հստակ ուղերձ է, որը նաև իրենց այցով հղել են Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները»:

Բալայանն այսօր նաև տեղեկացրեց, որ առաջիկայում Երևան են այցելելու Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը: Մայիսի վերջին Վրաստան կմեկնի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, այնուհետև՝ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG