Մատչելիության հղումներ

Լենա Նազարյանը պատրաստ է Ազգային ժողովում զբաղեցնել «Ելք» խմբակցության ղեկավարի պաշտոնը, որը թափուր է մնացել Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի վարչապետ ընտրվելուց և նշանակվելուց հետո։ Ազգային ժողովում «Ազատության» հետ զրույցում Նազարյանը միևնույն ժամանակ նշեց, որ այդ հարցը որոշելու են «Ելք» դաշինքի ներսում՝ կոնսենսուսով, սակայն խմբակցությունում դեռևս քննարկում չի եղել։

«Ես պատրաստ եմ լինելու խմբակցության ղեկավար, բայց միևնույն ժամանակ խմբակցության ղեկավարի, քարտուղարի, հանձնաժողովի փոխնախագահի հարցերը որոշվում են դաշինքում, և մենք ի սկզբանե ունենք համաձայնություն, որ այդ հարցերը որոշվելու են կոնսենսուսով։ Մինչև հիմա մենք դեռ չենք քննարկել այդ հարցը, առաջիկայում խմբակցության նիստ կանենք և կորոշենք», - ասաց Նազարյանը։

Հարցին, թե այս հարցի շուրջ դաշինքում տարակարծություններ կա՞ն, Նազարյանը պատասխանեց. - «Այո, Դուք երևի արդեն պետք է չզարմանաք, որ «Ելք» խմբակցությունում միշտ եղել են տարակարծություններ, բայց միշտ էլ կարողացել ենք այդ հարցը լուծել»։

Նշենք նաև, որ դեռևս հստակ չէ, թե արդյոք «Ելք» խմբակցության ղեկավարի փոփոխությամբ կփոխվի նաև խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը։

«Քննարկումները դեռևս չեն եղել, երբ որ լինի, հստակ կլինի, համենայն դեպս այս պահի դրությամբ ես քարտուղարն եմ, խմբակցության ղեկավար դեռ չենք ընտրել, երբ կընտրենք, ամեն ինչ պարզ կլինի», - ասաց Գորգիսյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG