Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ Արարատի մարզի դատախազությունում վերացվել է զանգվածային հավաքներին մասնակցելու պատճառով դպրոցի փոխտնօրենի կողմից աշակերտին հարվածելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և քրեական գործ է հարուցվել:
«Ապրիլի 20-ին Արտաշատ քաղաքի թիվ 1 հիմնական դպրոցում նույն դպրոցի փոխտնօրեն Ն. Մ.-ն հանրապետությունում ծավալված հավաքներին և երթերին մասնակցելու պատճառով դպրոց չհաճախելու հետ կապված ապտակել է նույն դպրոցի 9-րդ դասարանի մի աշակերտի: Դեպքի առթիվ ոստիկանության Արտաշատի բաժնում այնուհետև Արարատի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվել են նյութեր, որի արդյունքում մայիսի 17-ին քննիչի կողմից որոշում է կայացվել նյութերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Սակայն կայացված որոշման օրինականությունը ՀՀ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից ստուգելու արդյունքում պարզվել է, որ նյութերը նախապատրաստվել են թերի», - ասված է հաղորդագրությունում:
«Մասնավորապես, հիմնավորված է համարվել, որ Ն. Մ.-ն մեկ անգամ է հարվածել աշակերտին: Մինչդեռ նյութերի նախապատրաստմամբ ձեռք են բերվել մեկից ավելի անգամ հարվածներ հասցնելու վերաբերյալ տվյալներ, որոնք չեն ստուգվել: Քննության առարկա չի դարձել ծնողի կողմից բացատրություն տալու ժամանակ հայտնած այն տեղեկությունը, որ Ն.Մ-ն փորձել է 2-րդ անգամ խփել, սակայն երեխան պաշտպանվել է», - նշում է դատախազությունը:
«Բացի դրանից, իր տված բացատրությունում տվյալ աշակերտը նշել է, որ «ԱԳԱ» սուպերմարկետի դիմաց դպրոցի նշյալ փոխտնօրենը հարվածել է իրեն, ինքը ձեռքով պաշտպանվել է և հարվածը չի դիպել իրեն: Այնուհետև դպրոցում նա ձեռքի ափով ապտակել է իր այտին՝ ֆիզիկական ցավ պատճառելով, իսկ տնօրենի աշխատասենյակում այլ աշակերտների ներկայությամբ ցանկացել է ևս մեկ անգամ ապտակել՝ սակայն տնօրենը թույլ չի տվել: Ն.Մ-ի կողմից աշակերտին երկու անգամ հարվածելու վերաբերյալ փաստական տվյալ է արձանագրվել նաև դատաբժշկական փարձաքննության եզրակացության «գործի հանգամանքները» բաժնում, որոնք ևս, իբրև Ն. Մ.-ի արարքի որակման համար կարևոր նշանակություն ունեցող տվյալներ, քննության առարկա չեն դարձել և չեն ստուգվել: Բացի դրանից, միջոցառումներ չեն ձեռնարկվել նաև, ըստ տրված բացատրությունների՝ դեպքին առնչություն ունեցող համադասարանցիների, առանձին ծնողների ինքնությունը պարզելու և դեպքի կապակցությամբ նրանց հայտնի հանգամանքների շուրջ բացատրություններ ստանալու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:
Գլխավոր դատախազությունը նշում է, որ վերոնշյալ իրողությունների պատճառով դեպքի առթիվ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը համարելով ապօրինի և չհիմնավորված՝ Արարատի մարզի դատախազի տեղակալի կողմից կայացվել է որոշում այն վերացնելու, դեպքի առթիվ Քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով (ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հետևանքներ) քրեական գործ հարուցելու և տվյալ աշակերտին տուժող ճանաչելու մասին: