Մատչելիության հղումներ

Մոսկվան աջակցում է Մադուրոյին


Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ողջունում է աջակիցներին, Կարակաս, 20 մայիսի, 2018թ.
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, ողջունում է աջակիցներին, Կարակաս, 20 մայիսի, 2018թ.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի վերընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոյին այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները, Եվրոպական միությունը և հարավամերիկյան մի շարք երկրներ մայիսի 20-ին Վենեսուելայում տեղի ունեցած ընտրությունները «կեղծիք» են անվանել:

«Ռուսաստանի նախագահը Մադուրոյին քաջ առողջություն է մաղթում և հաջողություն երկրի սոցիալական հարցերը կարգավորելու գործում»,- ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ, որով Մոսկվան նաև կոչ է անում «ազգային երկխոսություն հաստատել հանուն Վենեսուելայի ամբողջ ժողովրդի շահերի»:

Մոսկվան անցյալ տարի վերակառուցել է Վենեսուելայի պարտքը Ռուսաստանին և այդպիսով աջակցել է նավթի գնանկման և ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքով տնտեսական ծանր վիճակում հայտնված այդ երկրին:

Մադուրոյի վերընտրությումից հետո Միացյալ Նահանգները որոշել է էլ ավելի խստացնել պատժամիջոցները:

Մադուրոն քվեների 68 տոկոսով հաղթել է ընտրություններում, որոնք Վենեսուելայի հիմնական ընդդիմադիր ուժերը բոյկոտել են, պնդելով, որ իշխանությունը կեղծելու է քվեարկությունը:

Դեռ նախքան ընտրությունները Միացյալ Նահանգները, Կանադան, Եվրոպական միությունը և տասնյակ հարավամերիկյան երկրներ հայտարարել են, որ չեն ճանաչելու դրանց արդյունքը:

Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսը Վենեսուելայի ընտրություններն անվանել է «կեղծ քվեարկություն, որը ոչ ազատ էր և ոչ էլ արդար»:

Նախագահ Դոնալդ Թրամփը Մադուրոյին կոչ է արել «վերականգնել դեմոկրատիան, անցկացնել ազատ և արդար ընտրություններ, անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, վերջ տալ հալածանքներին և Վենեսուելայի ժողովրդի տնտեսական զրկանքներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG