Մատչելիության հղումներ

Կազանում բնակիչները տանիքներին ու պատերին օգնության SOS ազդանշանն են նկարում


Կազանի «Արենա» մարզադաշտը, որտեղ հունիսին ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղեր են անցկացվելու
Կազանի «Արենա» մարզադաշտը, որտեղ հունիսին ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղեր են անցկացվելու

«Ռոնալդինյո, Ռոնալդու և նույնիսկ Պելե, եկեք մեզ մոտ, նայեք՝ ինչ պայմաններում ենք մենք ապրում 21-րդ դարում», - ասում են հաջորդ ամիս ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող քաղաքի բնակիչները։

Հաջորդ ամիս ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հյուրընկալող Ռուսաստանում՝ Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, տասնյակ բնակիչներ այս օրերին տների տանիքներին ու պատերին օգնության SOS ազդանշանն են նկարում, որ իշխանությունների ու հյուրերի ուշադրությունը գրավեն:

Փրկության այդ կոչը հարկադրված է։ Мостоотряд №3 կոչվող այս ավանում տասնամյակներ շարունակ մարդիկ ապրում են վթարային տնակներում՝ առանց տարրական կենցաղային պայմանների` ջրի, գազի ու տրանսպորտի, և սա նավթով հարուստ մի քաղաքում, որտեղ շաբաթներ անց ֆուտբոլի առաջնության խաղեր են անցկացվելու:

Ավանում վթարային են և քանդվում են գրեթե բոլոր տանիքները, տարածքում ջրի ու գազի մատակարարման խողովակներ չկան, ջեռուցումը՝ վառարանով է, խանութ ու դեղատուն ևս չկա, ավտոբուսի մոտակա կանգառն էլ գտնվում է 4 կմ հեռավորության վրա:

«Մենք օրական մի քանի անգամ ստիպված ենք ջրի հետևից գնալ, որ կարողանանք լվացվել ու ամաններ լվանալ», - «Ազատության» "Настоящее время" հեռուստածրագրին պատմում է ավանի բնակիչներից մեկը՝ Ռիմմա Նասիրովան։

«Խոսենք-չխոսենք՝ լսող չկա», - հավելում է հարևանուհին՝ Մարիա Զմուդզինան. - «Կառավարության համար միևնույնն է, անհասկանալի է՝ ինչո՞ւ ենք մենք մեր ձայները տալիս, ինչո՞ւ ենք հարկ վճարում»։

Այս պահին ավանում շուրջ հարյուր մարդ է ապրում, այդ թվում՝ երեխաներ, դպրոցական ավտոբուսը, սակայն, Мостоотряд չի մտնում՝ ճանապարհը սարքին չէ, տեղի բնակիչները ստիպված են երեխաներին տաքսիներով դասի ուղարկել: Ասում են՝ վերջին անգամ ավանում ավտոբուս են տեսել մարտի 18-ին՝ նախագահական ընտրություններին, ընդ որում, այդ օրը տրանսպորտը գալիս էր ժամը մեկ հաճախությամբ:

«Անցած անգամներին չէի էլ գնում ընտրության, այս անգամ գնացի, ընտրել եմ Պուտինին, սակայն, միևնույն է, որևէ բարելավում չկա», - ասում է ավանի բնակիչը։

Նրա խոսքով՝ վթարային այս տարածքում տարիներ ի վեր ոչ մի պաշտոնյա ոտք չի դրել, հույս ունեն, որ գոնե հիմա, երբ իշխող էլիտան ինքնաթիռով կժամանի Կազան՝ ֆուտբոլի առաջնությանը հետևելու, վերևից կտեսնի օգնության կոչերը:

«Ռոնալդինյո, Ռոնալդու և նույնիսկ Պելե, եկեք մեզ մոտ, նայեք՝ ինչ պայմաններում ենք մենք ապրում 21-րդ դարում։ Սպասում ենք բոլորին՝ թե՛ ռուսաստանցիներին, թե՛ օտարերկրացիներին, թող գան, տեսնեն՝ ինչպիսին է իրականում Կազանը և մեր կառավարությունը», - ասում են բնակիչները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG