Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Ամասիայում բրդի վերամշակման արտադրամաս կկառուցի


350 հազար դոլար արժողությամբ ծրագրի արդյունքում նախատեսվում է 44 աշխատատեղ բացել և գյուղացիների համար ոչխարաբուծությունը եկամտաբեր դարձնել:

Ամասիացիները հիշում են, որ խորհրդային տարներին բրդի վերամշական գործարան են ունեցել, սակայն այն ավերվել է, ու տարիներ շարունակ բուրդը իրացնել չեն կարողացել:

«Ունենք ու չգիտենք ինչ անենք: Գալիս են մեքենաներով, վաճառում ենք: Եթե չեկան, ամբողջ բուրդը մնում է․․․ Իսկ էս ծրագիրը արդեն շատ լավ է, մենք կարող ենք հանձնել, մեր բուրդը կօգտագործվի: Եվ մեզ է օգուտ, և էս ծրագրին», - «Ազատությանն» ասաց միջին տարիքի մի կին:

Ամասիայի համայնքի ղեկավար Ջեմմա Հարությունյանը կարծում է, որ բրդի վերամշակման արտադրամասի առկայությունը կնպաստի արտագաղթի կրճատմանը․ - «Դա հնարավորություն կտա մեր բնակչությանը որոշակի բարելավել իրենց կյանքի պայմանները: Եվ ինձ թվում է, որ բավականին նպաստի, որպեսզի միգրացիան նվազեցվի մեր համայնքում, որը շատ է»:

Բրդի վերամշակման համար անհրաժեշտ սարքերով Գորիսից Ամասիա էին եկել Գորիսի կանանց ռեսուրս կենտրոնի աշխատակիցները, որպեսզի ցույց տան, թե ինչպես է հին ավանդական եղանակով հնարավոր արտերկրում մեծ պահանջարկ ունեցող արտադրանք թողարկել:

«Չեն ուզում, որ մի հատ գործարան բանան, էս բուրդը օգտագործեն, մեր գորգագործությունը շարունակվի, մեր կարպետագործությունը, մեր մշակույթը չկորչի: Ես խնդրում եմ մեր նոր վարչապետին մի հատ էդպիսի գործարան բացի, գոնե մի հազար հոգի, հինգ հարյուր հոգի աշխատեն, իրենց ընտանիքները պահեն: Մի ելք երևի մեզ համար, մեր ժողովրդի համար կստեղծի, մեր էս խեղճ ու կրակ ժողովրդի համար», - ասաց կենտրոնի աշխատակիցներից մեկը:

Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց, որ Եվրամիությունը կարևորում է հատկապես հեռավոր մարզերի տնտեսական զարգացման ապահովումը:

Հայասատանի հյուսիսային 3 մարզերում Եվրամությունը 30 մլն եվոյի ներդրումներ է նախատեսում տնտեսության և մարզերի համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար: Դեսպանն ասաց, որ նոր կառավության հետ պատրաստ են քննարկելու, թե ինչ ակնկալիքներ ունեն, և ճշգրտումներ մտցնել այս տարի իրականացվելիք ծրագրերում:

«Իշխանափոխությունը Եվրամիության ծրագրերում ոչինչ չի փոխել», - ասաց Սվիտալսկին՝ հիշեցնելով, որ հունիսի 1-ից ուժի մեջ է մտնում նոյեմբերին ստորագրված ԵՄ - Հայաստան համապարփակ և ընդլայնաված գործընկերության համաձայնագիրը․ - «Պետք է ընդգծեմ, որ համագործակցության միջավայրը բավականին դրական է վերջին ամիսների ընթացքում: Իհարկե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար իրականացվող աշխատանքը ավելի տեսանելի ու շոշափելի դարձնելու մարտահրավերը միշտ առկա է եղել: Հավատացած եմ, որ նոր իշխանությունները ցանկանում են այս ուղղությամբ շարժվել, այսինքն՝ Հայաստանին տրամադրվող աջակցությունը դարձնել առավել արդյունավետ: Իսկ մենք համաձայն ենք, որ բարելավման տեղ կա»:

«Մարզերի համաչափ զարգացումը նաև նոր Կառավարության թիրախում է», - հայտարարեց Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ շեշտելով, որ միջոցները պետք է հավասարաչափ բաշխվեն․ - «Ես շատ եմ կարևորում երկրի համաչափ զարգացումը, քանի որ այսօր Հայաստանում առկա է դիսբալանս, այսինքն հավասարակշռված չի այդ զարգացումը: Մենք պիտի փորձենք ամեն ինչ անել և հավասարակշռել, և մայրաքաղաքում առկա այն ռեսուրսը, որը հնարավոր է, տեղափոխել նաև մարզեր: Կամ դրսից եկող ներդրումային այն ծրագրերը, որոնք հիմնականում կենտրոնանում են Երևանում, մենք պիտի ամեն կերպ օժանդակենք, ուղղորդենք, որ էդ մարդիկ գան ու ներդրում անեն մարզերում»:

Տարիներ շարունակ համայնքի ղեկավարները իշխանությունների համար եղել են վերարտադրության համար ձայն հավաքողներ, այլևս այդպես չի լինելու, հայտարարեց նախարարը: Ըստ Պապիկյանի, այս օրերին նախարարությունում նամակների իսկական հեղեղ է․ - «Էն փաստը, որ հասարակության մեծ մասը ունի խնդիրներ ու վախեցել է դրանք բարձրաձայնել, որովհետև լուծում չի տեսել, ու հիմա, երբ տեսնում է կառավարություն, որը պատրաստակամ է դրանք կատարել, հիմա հեղեղի նման այդ խնդիրները լցվում են մեր կառավարության գլխին»:

Այս պահին դեռ թափուր է Շիրակի մարզպետի պաշտոնը: Թե ով կզբաղեցնի այն, Սուրեն Պապիկյանի խոսքով, վարչապետը կորոշի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG