Հայաստանի կառավարության անդամները նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀ նախագահական նստավայրում իրենց պարտականությունները բարեխղճորեն կատարելու երդում տվեցին:
Առաջինը երդման խոսքով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնուհետև կառավարության բոլոր անդամները:
Երդման տեքստը հետևյալն էր․ - «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը»:
Արարողությունից հետո պատասխանելով լրագրողների հարցերին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, հայտարարեց․ - «Ինձ համար շատ կարևոր նշանակություն ունի արարողության հանդիսավոր բնույթը և ժողովրդի առաջ երդվելու այդ փաստը»:
Փաշինյանը նաև ասաց, թե երդման տեքստը ընթերցելիս վերլուծել է վարչապետի կարգավիճակում իր անցկացրած 13 օրերի ընթացքը: - «Եվ ուրախ եմ, որ ճշգրիտ վարվել եմ հենց այնպես, ինչպես նախատեսված է այդ երդման տեքստում», - հավելեց նա: