Մատչելիության հղումներ

Մադուրոն վերընտրվեց Վենեսուելայի նախագահի պաշտոնում


Վենեսուելայի վերընտրված նախագահ Նիկոլաս Մադուրոն, Կարակաս, 20-ը մայիսի, 2018 թ.

ԱՄՆ-ը և ԵՄ-ը լեգիտիմ չեն համարում Վենեսուելայում կայացած նախագահական ընտրությունները:

Ինչպես և ենթադրվում էր, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երեկ ևս 6 տարի ժամկետով վերընտրվեց երկրի ղեկավարի պաշտոնում: Ընտրությունների արդյունքները հրապարակել է Վենեսուելայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիբիսա Լուչենան:

«Նիկոլաս Մադուրո Մորոսը վաստակել է 5 միլիոն 823728 քվե, Անրի Խոսե Ֆալկոն Ֆուենտեսը՝ 1 միլիոն 820552 քվե, Խավիեր Բերտուչի Կառերոն՝ 92542 քվե»,- հայտարարել է ԿԸՀ նախագահը: Նախկինում ավտոբոսի վարորդ, 55-ամյա Մադուրոն փոխարինել է վենեսուելական հեղափոխության առաջնորդ, 2013 թվականին քաղցկեղից մահացած Ուգո Չավեսին:

Արևմուտքը կարող է նոր պատժամիջոցներով արձագանքել Մադուրոյի ընտրությանը, չնայած այն հանգամանքին, որ սոցիալիստների ղեկավարած Վենեսուելան առանց այն էլ ծանրագույն տնտեսական ճգնաժամի մեջ է:

Ընտրություններին, ըստ պաշտոնական հաղորդագրության, մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 46 տոկոսը, մինչդեռ 2013-ին մասնակիցների թիվը հասել էր 80 տոկոսի: Ընդդիմության պնդմամբ՝ իրականում մասնակիցների թիվը 30 տոկոս է կազմել:

Ընդդիմությունը հայտարարել է նաև, որ չի ճանաչի ահաբեկումների, խոսքի և հավաքների ազատության աղաղակող սահմանափակումների, վարչական լծակների համատարած կիրառման և ընտրակեղծիքների պայմաններում անցկացվող ընրտությունների արդյունքները:

Խորհրդարանում մեծամասնություն ունի «Դեմոկրատական միասնության դաշինքը», որը, չնայած այդ անվանը, Մադուրոյի ջանքերով գործնականում պառակտվել է: Դաշինքն իր երկու հիմնական թեկնածուներին արգելել էր առաջադրվել, ևս մի քանիսը հեռացել են հայրենիքից: Այս ընտրություններում երկրորդ արդյունքն ապահոված Անրի Ֆալկոնը ժամանակին սոցիալիստական կուսակցությունից էր, բայց 2010-ից անցել է ընդդիմության ճամբարը:

Վենեսուելայում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային այս տարվա դեկտեմբերին, սակայն Մադուրոյի առաջնորդությամբ ընտրված ազգային սահմանադիր ժողովի որոշմամբ՝ քվեարկության օր է ընտրվել մայիսի 20-ը: Վենեսուելայի ընդդիմությունը և մի շարք երկրներ պնդում են, որ և՛ ազգային սահմանադիր ժողովն է ապօրինի, և՛ այդ մարմնի կայացրած որոշումը:

Ֆալկոնի համոզմամբ, Մադուրոն որոշել է ավելի վաղ անցկացնել ընտրությունները, ենթադրելով, որ մինչև դեկտեմբեր ընդդիմությունը կմիավորվի և կառաջադրի հզոր թեկնածու: «Այս հանգամանքներում մենք պարտավոր ենք դատապարտել գրավոր պայմանավորվածության խախտումը, հետևաբար, մենք չենք ճանաչում այս ընտրությունների արդյունքը: Վենեսուելային անհրաժեշտ են նոր ընտրություններ»,- հայտարարել է Ֆալկոնը:

Ինքը՝ Մադուրոն շատ ոգևորված է: «Ես առաջինն եմ, ով քվեարկել է, ես միշտ առաջինն եմ անկախության, ինքնիշխանության և խաղաղության համար պայքարում»,- ասել է նախագահ վերընտրված նա:

«Շնորհակալ եմ ագրեսիան և ստերը դիմագրավելու համար, շնորհակալ եմ, որ ինձ՝ Վենեսուելայի Բոլիվարյան հանրապետության նախագահիս, միացաք 2019-25 թվականների ժամանակաշրջանի համար, շնորհակալ եմ, Վենեսուելայի իմ սիրելի ժողովուրդ»,- հայտարարել է Մադուրոն: Ռուսաստանը միանգամայն լեգիտիմ է համարել Մադուրոյի վերընտրությունը: Չինաստանն էլ հայտարարել է, թե հարկ է հարգանքվ վերաբերվել Վենեսուելայի ժողովրդի ընտրությանը:

Մինչդեռ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, հարավամերիկյան 14 պետություններ դատապարտել են այդ ընտրությունները: «Կեղծ ընտրությունները ոչինչ չեն փոխի, մենք ուզում ենք, որ Վենեսուելայի ժողովուրդը ղեկավարի այդ երկիրը, որն այդքան շատ բան կարող է տալ ամբողջ աշխարհին»,- ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG