Մատչելիության հղումներ

Կառավարությունը մտադիր է վերացնել ՀՀ-ում սփյուռքի ներգրավվածությանը խոչընդոտող սահմանադրական արգելքները


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե մտադիր են վերացնել Սահմանադրությամբ նախատեսված այն արգելքները, որոնք արհեստականորեն խոչընդոտում են սփյուռքի ներգրավվածությանը Հայաստանի պետական ապարատների կայացման գործում։

«Մենք մտադիր ենք այս արգելքները վերացնել, որպեսզի սփյուռքի ներուժը հնարավորություն ունենանք օգտագործել պետական կառավարման և պետական ապարատների կայացման գործում», - հայտարարել է Փաշինյանը Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկման ժամանակ՝ պատասխանելով պատասխան հարցին, թե ինչպես են շարունակելու քաղաքացիներին ներգրավված պահել քաղաքական գործընթացներին ընտրությունից ընտրություն ընկած ժամանակահատվածում։

«Մեր Սահմանադրությամբ նախատեսված է, որ, օրինակ, նախարար կարող է նշանակվել այն մարդը, ով վերջին չորս տարում հանդիսացել է միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և վերջին չորս տարում մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում», - ասել է նա՝ նշելով, որ այդ կարգավորումը չի արտահայտում հայ ժողովրդի ազգային ձգտումները․ - «Կարծում ենք, որ այս սահմանափակումը ստեղծում է արհեստական խոչընդոտներ սփյուռքի ներգրավվածության առումով»:

Ինչ վերաբերում է Հայաստանի քաղաքացիների ներգրավվածությանը, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկրում տեղի ունեցած փոփոխություններից հետո նման խնդիր այլևս չունեն։

Վարչապետը, ով քննարկմանը մասնակցել է տեսակամրջի միջոցով, հույս է հայտնել, որ առաջիկայում կհանդիպեն սփյուռքի այլ ներկայացուցիչների հետ, որպեսզի առավել մանրամասն քննարկեն անելիքները․ - «Որովհետև իսկապես սա համազգային զարթոնքի պահ է և այդ պահը պետք է մեզ բոլորիս բերի հաղթանակ»:

Հայաստանում սփյուռքի ընկալման մասին նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը Ազատություն TV-ի Կիրակնօրյա վերլուծական հաղորդմանն ասել է՝ պրիմիտիվ մոտեցում այլևս չպետք է լինի․ - «Մենք պետք է խորքային մոտեցում ցուցաբերենք՝ իր բոլոր նյուանսներով, բոլոր․․․ ասում են մանրուքներ, բայց կարևորը հենց այդ մանրուքներն են՝ իրենց բազմազանությամբ, առանձնահատկություններով»:

Նախարարը վստահեցնում է, որ արդեն ստեղծվել է մի պետություն, որը սիրում է իր աշխարհասփյուռ հայրենակիցներին․ - «Հարկավոր է ցույց տալ, որ այլևս կա մի պետություն, ստեղծվել է մի պետություն, որը հոգ է ուզում տանել աշխարհասփյուռ հայությանը: Ուրիշ ո՞վ, եթե ոչ Հայաստանի Հանրապետությունը, որը սիրում է իր հայրենակիցներին»:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով, ժամանակն է բացել պետական համակարգը սփյուռքի գործիչների համար։ Իհարկե, կան պաշտոններ, որոնք զբաղեցնելու համար պետք է ապրել Հայաստանում և կտրված չլինել հայկական իրականությունից, բայց մի շարք պաշտոնների պարագայում դա խնդիր չի լինի․ - «Պետք է իսկապես բացել հնարավորությունները, որպեսզի մենք կարողանանք հայկական սփյուռքի ներուժը առավելագույնս օգտագործել ոչ միայն համազգային հանգանակությունների համար, ոչ միայն բիզնես նախագծերի համար՝ նրանց հրավիրելով Հայաստան բիզնես դնելու կամ պարզապես ապրելու, այլ նաև պետական կառավարման գործընթացում»:

Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ սփյուռքն ի վերջո մի ռեսուրս է, որից պետք է առավելագույնս օգտվելու հնարավորություններ ստեղծվեն նաև այն իմաստով, որ հենց իրենք անմիջական մասնակիցը լինեն պետական ապարատի գործունեությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG