Մատչելիության հղումներ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննակվել է Ֆրանկոֆոն պետությունների և կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման և անցկացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, վարչապետը կարևորել է գագաթնաժողովի բարձր մակարդակով կազմակերպումն ու անցկացումը:

«Այն իր ծավալով աննախադեպ միջոցառում է երրորդ հանրապետության պատմության մեջ: Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այդ իրադարձությունը լինի պատմական ոչ միայն Հայաստանի, այլ նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության համար», - նշել է Փաշինյանը:

Պատասխանատուները զեկուցել են, որ գագաթնաժողովին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, նախատեսվում է նաև Ֆրանկոֆոնիայի գործընկեր կառույցների պատվիրակությունների մասնակցությունը։ Ակնկալվում է հարյուրից ավելի պատվիրակությունների ժամանում, ընդհանուր հյուրերի քանակը կազմելու է մինչև 5000 մարդ:

Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը:

Միջոցառման շրջանակում կազմակերպվելու է տնտեսական գործարար ֆորում՝ ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածությամբ: Ձևավորվելու է ֆրանկոֆոն ավան, տեղի է ունենալու գալա համերգ, պաշտոնական պատվիրակությունների պատվին տրվելու է պետական ընթրիք:

Նշվել է, որ արդեն իսկ հաստատվել են գագաթնաժողովի լոգոն, կարգախոսը՝ «Ապրել միասին», մշակվելու է հատուկ վեբ-կայք:

Խորհրդակցության ընթացքում վարչապետին զեկուցվել է ենթակառուցվածքների ապահովման և տեխնիկական մի շարք այլ խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովի կազմակերպման հետ կապված խորհրդակցությունները կրելու են պարբերական բնույթ՝ հնարավոր բոլոր խնդիրներին ժամանակին արձագանքելու և արագ լուծումներ գտնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG