Մատչելիության հղումներ

Դալարի դպրոցում դասադուլ է՝ պահանջում են ՀՀԿ-ական տնօրենի հրաժարականը


Դալարի դպրոցում դասադուլ է, 21-ը մայիսի, 2018 թ․

Արարատի մարզի Դալար գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու որոշ ուսուցիչներ այսօր դասադուլ էին հայտարարել՝ պահանջելով ՀՀԿ-ական տնօրենի հրաժարականը։ Ուսուցիչների պնդմամբ՝ դպրոցում «ահուսարսափի մթնոլորտ է», և իրենք ճնշումների են ենթարկվում տնօրենի կողմից:

«Դպրոցում ահուսարսափի մթնոլորտ է, աշխատում է «մեր դեմ խաղ չկա» սկզբունքով։ Կոնկրետ իմ նկատմամբ ճնշումներ, այո, եղել են։ Ապրիլի 21-ին նա բոլոր ուսուցիչներին պահեց դպրոցում, որպեսզի չմասնակցեն շարժմանը։ Պատճառաբանեց, թե մարզպետի հրամանն է։ Իսկ մայիսի 2-ին մենք մասնակցել ենք: Հաջորդ օրը ոչ մեկիս բարև չէր տալիս, ասում էր՝ ԱԱԾ կզանգի ու զանգեց»,- «Ազատությանն» ասաց ուսուցիչներից մեկը, հավելելով․ «Մեր դպրոցը դեռ Սերժից չի ազատվել»:

Ուսուցիչներն ասացին՝ հինգ տարի լռել են, համարձակություն չունենալով բարձրաձայնել իրենց նկատմամբ ճնշումների մասին։ «Տարրական դասարանների դասվար եմ, մեր դպրոցում տիրում է խիստ անառողջ մթնոլորտ, կրել ենք նվաստացում, դուք հարցնում եք՝ բողոքե՞լ ենք։ Ո՞րտեղ բողոքեինք, երբ նա միշտ մեզ ահաբեկել է, քանի որ պետական այրերը նրա թիկունքին կանգնած են եղել։ Մարզպետարանը մեջքին կանգնած, Սերժ Սարգսյանը մեջքին կանգնած, ո՞րտեղ ահազանգեինք»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։

Աշակերտները հաստատեցին՝ ճնշումներ եղել են, և իրենք ևս պահանջում են տնօրենի հրաժարականը. «Մենք էս դպրոցում միշտ ճնշված ենք եղել: Երբ բոլորը դասադուլերի են մասնակցել, մեր դպրոցի տնօրենը փակում էր դուռը», «տնօրենը ուզում էր մեզ տաներ դահլիճ, որ մենք դասադուլ չանենք, բայց մենք պայքարեցինք»:

Դալարի միջնակարգ դպրոցի տնօրեն Շողիկ Հախվերդյանը «Ազատության» հետ զրույցում հերքեց ուսուցիչների պնդումները, թե նրանց և աշակերտների նկատմամբ իր կողմից ճնշումներ են գործադրվել: Նա ասաց նաև՝ դիրքի չարաշահում թույլ չի տվել, կուսակցական պատկանելությունն էլ որպես գործիք չի օգտագործել:

«Մեր ամբողջ կոլեկտիվը, չհաշված մի քանի երիտասարդների, որոնք չեն հասցրել դառնալ հանրապետական, բոլորն էլ հանրապետական են։ Անհիշելի ժամանակներից մեխանիկորեն ներառվել ենք այդ կուսակցության մեջ։ Հանրապետական կամ կուսակցական պատկանելությունը չեմ կարող դարձնել ինչ-որ գործիք, դրանով ոչ կարող եմ վախեցնել մարդկանց, ոչ կարող եմ ինչ-որ վնաս տամ։ Ես երբեք դիրքի չարաշահման չեմ գնացել, թեկուզ կուսակցական չարաշահման։ Կուսակցական պատկանելությունը նշանակում է բռնություն կիրառել ինչ-որ մեկի դե՞մ։ Կարո՞ղ են փաստել նման բան, որ ես մարդկանց ճնշել եմ կամ վիրավորել»,- ասաց Շողիկ Հախվերդյանը։

Նա ասաց նաև, որ հրաժարական չի տալու․ «Ոչ, ես պայքարելու եմ իմ արդար սկզբունքի համար, ինչի՞ համար հրաժարական տամ։ Մինչև օրենքով փաստը չարձանագրվի, որ ես թույլ եմ տվել սխալ, որի համար պետք է պատասխանատվություն կրեմ․․․ ես պատասխանատվությունից չեմ խուսափում»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG