Մատչելիության հղումներ

Թբիլիսին պատրաստ է ՌԴ-ից դեպի Վրաստան և Հայաստան տանող «առևտրային միջանցքների» բացմանը


Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, արխիվ

Նախագծի իրագործման դեպքում Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային ևս մեկ ճանապարհ կունենա:

Պաշտոնական Թբիլիսին պատրաստ է Ռուսաստանից դեպի Վրաստան և Հայաստան տանող «առևտրային միջանցքների» բացմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն՝ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հետ զրույցում: Այդ նախագծի իրագործման դեպքում Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային ևս մեկ ճանապարհ կունենա:

Մայիսի 24-ին այս հարցն Աբաշիձեն Պրահայում քննարկելու է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ: Հանդիպման ընթացքում, ինչպես նշել է վրաց դիվանագետը, կողմերը հատուկ աշխատանքային խմբերի ձևավորման մասին պայմանավորվածություն ձեռք կբերեն, որոնք զբաղվելու են «Մաքսային վարչարարության և ապրանքների մոնիտորինգի մասին» ռուս-վրացական համաձայնագրի իրագործմամբ:

Այդ պայմանագրի համաձայն՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով դեպի Վրաստան և Հայաստան տանող «առևտրային միջանցքներով» ապրանքների տեղափոխման մոնիտորինգով զբաղվելու է շվեյցարական SGS ընկերությունը:

Դիվանագիտական հարաբերությունները խզած Մոսկվան և Թբիլիսին այդ խնդրի շուրջ պայմանավորվածությունը ձեռք են բերել դեռևս յոթ տարի առաջ՝ այն ժամանակ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության օրոք: Համաձայնագիրը Ռուսաստանին հնարավորություն է տվել մուտք գործել Առևտրի համաշխարհային կազմակերպություն, իսկ պաշտոնական Թբիլիսիին` հայտարարել, որ Վրաստանը, թեկուզև միջնորդավորված կերպով, վերականգնում է արտաքին սահմանների վերահսկողությունը:

Բացի այդ, կողմերն այդպիսով կարողանում էին շրջանցել Աբխազիայի և Հարավային Օսիայի իշխանությունների կողմից մաքսային ձևակերպումների իրականացման վիճահարույց հարցը: Պայմանագրի իրականացումը, սակայն, տարիներ շարունակ տեղի չի ունեցել և ձգձգվել է, քանի որ կողմերը չէին կարողանում համաձայնության գալ առևտրաշրջանառության գործընթացում Աբխազիայի և Հարավային Օսիայի մասնակցության շուրջ:

Սուխումին և Ցխինվալը բազմիցս սպառնացել են արգելել բեռների տեղաշարժը միջանցքներով, եթե իրենք պայմանագրի լիիրավ մաս չկազմեն, մինչդեռ Թբիլիսին կտրականապես բացառում էր այդ տարբերակը: Վրացական իշխանությունները մտավախություն ունեին, որ մաքսային գործառույթների հանձնումը Ցխինվալիին և Սուխումիին կարող է դիտվել որպես ինքնահռչակ հանրապետությունների յուրատեսակ լեգիտիմացում: Թե ինչպես են Մոսկվան ու Թբիլիսին ի վերջո համաձայնության եկել նշված առևտրային միջանցքների բացման խնդրահարույց հարցի շուրջ, վրաց դիվանագետը չի հստակեցրել:

Առևտրային միջանցքների բացվելու պարագայում Հայաստանն իր խոշորագույն արտահանման շուկաներից մեկը համարվող Ռուսաստանի հետ կունենա ևս մեկ ցամաքային ճանապարհ: Ներկայումս Վերին Լարսը Հայաստանից Ռուսաստան տանող միակ ցամաքային ուղին է, որը, սակայն, պարբերաբար կաթվածահար է լինում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG