Մատչելիության հղումներ

Թուրքիայի իշխանությունները հայտարարում են Էրդողանի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին


Էրդողանը Սարաևոյում, 20-ը մայիսի, 2018թ.
Էրդողանը Սարաևոյում, 20-ը մայիսի, 2018թ.

Ընդամենը մեկ ամսից Թուրքիայում կայանալիք վճռորոշ ընտրություններից առաջ երկրի իշխանությունները հայտարարում են նախագահ, նախագահի թեկնածու Ռեջեփ Էրդողանի դեմ նախապատրաստվող մահափորձի մասին:

Հայտարարությունը հնչեց երեկ, երբ էրդողանը պատրաստվում էր հանդիպել Սարաևոյում հավաքված աջակիցների հետ: «Ինձ, սակայն, ոչինչ չի կանգնեցնի, անգամ՝ մահվան սպառնալիքը», -դիմելով իրեն ողջունելու եկած հազարավոր աջակիցներին՝ հայտարարեց թուրք առաջնորդը:

«Արդյո՞ք ճիշտ կլիներ իմ կողմից չգալ այստեղ մահափորձի սպառնալիքի պատճառով, արդյո՞ք ճիշտ կլիներ, եթե Եվրոպայի տարբեր երկրներից այստեղ եկած մարդիկ չկարողանային հանդիպել իրենց առաջնորդին», - ասել է Էրդողանը:

Ելույթ ունենալով հիմնականում մահմեդական բնակչություն ունեցող Բոսնիայի մայրաքաղաքում՝ Թուրքիայի նախագահը կոչ արեց Եվրոպայում բնակվող թուրքերին համախմբվել ու իրենց ուժը ցույց տալ ողջ աշխարհին:

Ընդ որում, պատահական չէր, որ Եվրոպայի թուրքերին ուղղված կոչը Էրդողանը ստիպված էր Սարաևոյում հնչեցնել:

Թուրքական հոծ բնակչություն ունեցող եվրոպական մյուս երկրները՝ Գերմանիան, Ավստրիան, Նիդերլանդներն արգելել են Թուրքիայի իշխանություններին իրենց տարածքում նախընտրական արշավներ անցկացնել՝ կոշտ քննադատության արժանանալով Էրդողանի կողմից:

«Դուք պետք է ակտիվորեն մասնակցեք ձեր երկրների ներքին քաղաքականությանն ու ձեր կամքը թելադրեք իշխանություններին: Դուք պետք է լինեք խորհրդարաններում այն մարդկանց փոխարեն, որոնք դավաճանում են մեր երկրին», - հայտարարում էր Էրդողանը՝ թերևս նկատի ունենալով թուրքական ծագում ունեցող այն գործիչներին, որոնք քննադատում են իր բռնապետական կառավարումը:

Ըստ պաշտոնական տվյալների, Թուրքիայում կայանալիք առաջիկա ընտրություններին կարող են մասնակցել արտերկրում բնակվող ավելի քան երեք միլիոն թուրքեր, որոնց աջակցությունը ստանալու համար նախագահ էրդողանը երեկ խոստացավ ոչ միայն աշխատանքի հնարավորություններ ստեղծել հայրենադարձների համար, այլև կրթական նոր ծրագրեր կազմակերպել, որպեսզի դրսում մեծացող թուրքերը մայրենին չմոռանան:

«Պատրա՞ստ եք աջակցել ինձ աննախադեպ թվով ձայներով այս ընտրություններում, պատրա՞ստ եք ահաբեկիչներին ու նրանց տեղական ու միջազգային հովանավորներին մի լավ, թուրքական ապտակ տալ», - դիմելով աջակիցներին՝ հարցնում էր էրդողանը՝ ընդգծելով, որ սպասվող ընտրություններն են որոշելու, թե ինչպես է զարգանալու Թուրքիան առաջիկա հարյուրամյակում:

Հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններից հետո ուժի մեջ կմտնեն էրդողանի նախաձեռնությամբ անցկացված սահմանադրական փոփոխությունները, որով Թուրքիան խորհրդարանականից կանցնի նախագահական կառավարման՝ երկրի ղեկավարի ընդլայնված լիազորություններով:

Դրանցով, մասնավորապես, վարչապետի պաշտոնը կլուծարվի, նախագահը կստանա բյուջե կազմելու, օրենքի ուժ ունեցող հրամանագրեր արձակելու, խորհրդարանը լուծարելու, արտակարգ դրություն հայտարարելու և խորհրդարանի կարծիքը հաշվի չառնելով նախարարներ նշանակելու իրավունք: Բացի այդ, Սահմանադրության փոփոխությունները չեղարկում են նախագահի պաշտոնավարման նախորդ ժամկետները, ինչը նշանակում է, որ արդեն 15 տարի երկրի վարչապետի և նախագահի պաշտոնները զբաղեցնող Էրդողանը կարող է երկարաձգել իշխանավարումը ևս 12 տարի՝ մինչև 2029 թվականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG