Մատչելիության հղումներ

Հանրապետական ռեկտորները չեն շտապում հրաժարվել կուսակցական անդամատոմսերից


Երևանի Պետհամալսարանի գլխավոր մասնաշենքը, արխիվ

Ի հեճուկս համազգային շարժմանը մասնակցող ուսանողների պահանջի, Հայաստանի խոշոր բուհերի հանրապետական ղեկավարները չեն ցանկանում հրաժարվել կուսակցական անդամատոմսից։

Նրանցից Կորյուն Աթոյանը պնդում է՝ իր՝ Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ լինելու փաստը որևէ նշանակություն չունի։ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորը, իհարկե, դեմ չէ քննարկում ծավալելուն, բայց նշում է, որ ուսանողների պահանջը՝ կա՛մ վայր դնել անդամատոմսը, կա՛մ հրաժարվել ռեկտորի պաշտոնից, այդքան էլ ընդունելի չէ։

«Ազատության» հետ զրույցում Աթոյանը ասաց. - «Ես նորմալ եմ վերաբերվում, եթե դա օրենքով է, ոչ թե, ասենք, ինչ-որ, պարտադրողաբար, որովհետև դա լավ բան չի, ես Ձեզ ասում եմ, դա լավ բան չի, երբ որ, ասենք, հավաքվում են և պարտադրում: Այսինքն՝ դա ի՞նչ է, ուժային մեթո՞դ, թե՞ ինչ է դա»:

Դիտարկմանը, որ դա ուսանողների պահանջն է, նա արձագանքեց. - «Այսինքն, Հայաստանի բոլոր բուհերը, չէ՞, բուհերի ռեկտորները վայր են դնում, հա՞, իրենց կուսակցական լինելը՝ ես էլ կենթարկվեմ դրան: Եթե դա ընդհանուր խնդիր դրվեց, ես պատրաստ եմ»:

«Իսկ այսօր, վաղը ինքնակամ վայր դնելո՞ւն», - այս հարցին էլ ռեկտորը հակադարձեց. - «Այսինքն, ինչի՞ համար դա, ինչի՞ համար եք էդ հարցը տալիս, ինքնակամ... Ինչ-որ բանի խանգարե՞լ է իմ կուսակցական լինելը»:

Աթոյանի պնդմամբ՝ հարցը պետք է քննարկվի ռեկտորների խորհրդում, և որոշումը պետք է լինի միասնական։ Տնտեսագիտական համալսարանի ղեկավարը նաև պնդում է՝ իր 7 տարվա պաշտոնավարման ընթացքում չի եղել մի դեպք, որ հանրապետական լինելու փաստը խանգարի կամ խոչընդոտի իր աշխատանքը։ Կորյուն Աթոյանը շեշտում է՝ իր բուհը պակաս լավը չէ մյուսներից, որոնց ղեկավարները անկուսակցական են։

«Այսինքն, ինչո՞վ եմ ես ավելի շատ իմ հանրապետական լինելով խանգարում, քան՝ մյուս բուհերի ռեկտորները: Ի՞նչն է, օրինակ, վնասում հանրապետական լինելը բուհին: Ես գտնում եմ, որ ես առհասարակ, էդ կուսակցական տոմսը երբեք չի օգտագործվել բուհում, ինչո՞վ կարա վնասի», - հայտարարեց ռեկտորը:

2013-ի տարեվերջին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական աշխատության պաշտպանության ժամանակ մի խումբ երիտասարդներ կոպտորեն խոչընդոտեցին լրագրողների աշխատանքը՝ թույլ չտալով ներկա գտնվել պաշտպանությանը։ Աթոյանը Մարգարյանի գիտական թեզի ղեկավարն էր և այն ժամանակ, տեսնելով իրավիճակը, ոչ մի քայլ չձեռնարկեց լրագրողների մուտքը դահլիճ կազմակերպելու ուղղությամբ։ Ավելին՝ միջադեպից ամիսներ անց լրագրողների աշխատանքը խոչընդոտած Սևակ Խաչատրյանը, ով այն ժամանակ ուսխորհրդի անդամ էր, նշանակվեց համալսարանի պրոռեկտոր։

Այս իրադարձությունների մասին հիշեցմանը Տնտեսագիտական համալսարանի ռեկտորը արձագանքեց. - «Այո, վատ է, բայց էդպիսի բաներից ոչ մեկը ապահովագրված չի՝ ոչ մի կուսակցություն, ոչ մի շարժում, ոչ մի չգիտեմ ինչ, ամեն ինչ կարա լինի: Ախր կուսակցությունը ի՞նչ կապ ուներ էդտեղ: Ի՞նչ կապ ունի՝ հանրապետական է, ոչ-հանրապետական է, ինքը երևույթը բացասական է, նախ՝ ուսանողը իրավունք չուներ գնար, էնտեղ կանգներ և... ես չգիտեմ ի՞նչ է տեղի ունեցել, հասկանո՞ւմ եք, ես գիտեմ, որ էդ, անգամ, չգիտեմ, քաշքշուկներ, բան է տեղի ունեցել, չէ՞, և ես ի՞նչ պետք է, ես, ասենք, իմ նկատողությունը տալիս եմ, բայց հո չե՞ս կարող ուսանողի, ասենք, բռնես հեռացնես, ճակատագրես, չգիտեմ ինչ...»:

Տնտեսագիտական համալսարանից բացի, հանրապետական ռեկտոր ունի ևս մեկ բուհ՝ Երևանի Պետական համալսարանը։ Բուհերի ղեկավար մարմինների, նաև կառավարման խորհուրդների ապակուսակցականացման նախաձեռնության մասին մայր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ զրուցել չհաջողվեց։ Հանրապետական ռեկտորը հարցազրույց տալուց հրաժարվեց և գրավոր պատասխանեց «Ազատության» հարցերին։

1997 թվականից կուսակցության անդամ Սիմոնյանից «Ազատություն»-ը հետաքրքրվել էր՝ ուսանողների պահանջներին ինչպե՞ս է վերաբերվում, ո՞ր տարբերակն է ընդունելի իր համար՝ հրաժարվել Հանրապետականի անդամությունի՞ց, թե՞ ռեկտորի պաշտոնից։

Բուհի ղեկավարի գրավոր պատասխանում ասված է. - «Ուսանողների հետ ես կարող եմ քննարկել յուրաքանչյուր հարց։ Ժամանակ առ ժամանակ ես անպայման հանդիպում եմ մեր ուսանողության հետ, որի ընթացքում ուսանողներն ազատորեն ինձ են ուղղում իրենց հուզող հարցերը, մենք քննարկում ենք ԵՊՀ-ի առջև ծառացած խնդիրները, բայց կուսակցական պատկանելիությունը քննարկելը ես ճիշտ չեմ համարում, որովհետև դա մարդու անձնական գործն է. ես կուսակցական եմ դարձել՝ բացառապես գաղափարական նկատառումներից ելնելով։ Ինքս ոչ ճիշտ եմ համարում նման պահանջի բարձրաձայնումը, որովհետև ոչ քաղաքական պաշտոն զբաղեցնող մարդուց նման պահանջը մարդու իրավունքների սահմանափակում է, որը միանշանակորեն դատապարտելի է։ Այս միտումը վտանգավոր եմ համարում, քանի որ այն կարող է հանգեցնել քաղաքական հայացքների համար մարդկանց հալածանքին»:

«Ազատություն»-ը փորձեց ճշտել նաև Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի կարծիքը։ Դաշնակցական Ոստանիկ Մարուխյանը, սակայն, հրաժարվեց հարցազրույցից՝ դա պատճառաբանելով զբաղվածությամբ։

Բուհերից գրեթե բոլորի կառավարման խորհուրդներն անխտիր այս կամ այն կերպ կապված են Հանրապետական կուսակցության հետ։ Մայր բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահը դեռ շարունակում է մնալ նախկին նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը։ Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահն է նախկին փոխվարչապետ, կրկին հանրապետական Վաչե Գաբրիելյանը, Պոլիտեխնիկականում այդ պաշտոնը զբաղեցնում է Սամվել Նիկոյանը, Պետական բժշկական համալսարանում՝ Արմեն Աշոտյանը, Մանկավարժական համալսարանում՝ Գալուստ Սահակյանը, իսկ Ագրարային համալսարանում հոգաբարձուների խորհրդի փոխնախագահն է Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։

Ուսանողական համայնքի պայքարից մինչև կրթության նախարար. բուհերի կառավարման խորհուրդների կուսակցականացված լինելու հարցը մտահոգում է նաև ոլորտի նորանշանակ ղեկավարին։ Արայիկ Հարությունյանն ընդգծում է՝ խնդիրը պետք է կարգավորվի օրենքի մակարդակով, Ազգային ժողովում իր մեծամասնությունը պահող Հանրապետականը հասցրեց մինչև իշխանությունից հեռանալը փոխել օրենքի նախագիծը և թույլ տալ բուհերի կառավարման խորհուրդներին կազմում ունենալ մեկ կամ երկու պետական պաշտոնյա։

«Հիմա էս օրենքը սենց կիսատ ձևով, աղճատված ձևով գտնվում է Ազգային ժողովում, և մեր առաջնահերթություններից է, որպեսզի մենք օրենքը բերենք նախկին տեսքի, այսինքն՝ կառավարման խորհուրդներում չլինեն պետական պաշտոնյաներ», - «Ազատության» հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարարը:

Բուհերի ինքավարության ցածր մակարդակից բողոքում է նաև Տնտեսագիտականի ռեկտորը։ Կորյուն Աթոյանը նկատում է՝ բուհի կառավարման խորհրդում պետք է բովանդակային փոփոխություն կատարվի, որպեսզի ռեկտորատի ու ուսանողի կողքին լինեն մարդիկ, որոնք թե՛ գործնականում, թե՛ տեսականում կարող են աջակցություն ցուցաբերել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG