Մատչելիության հղումներ

«Նոյեմբերի 5»-ի գործով դատապարտված Վարդան Վարդանյանի և Լիպարիտ Պետրոսյանի ռեժիմը փոխվել է բաց ռեժիմի


2013 թվականի նոյեմբերի 5-ի իրադարձությունները Երևանում

«Նոյեմբերի 5»-ի գործով 5 տարվա ազատազրկման դատապարտված, Շանթ Հարությունյանի ընկեր, ազատամարտիկ Վարդան Վարդանյանի խափանման միջոցը կիսաբաց ռեժիմից փոխվել է բաց ռեժիմի. այսօր նրան մեկ ամիս ժամկետով արձակուրդ է տրվել, և Վարդանյանը կարող է այդ արձակուրդն անցկացնել տանը։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։

Փաստաբանը նշեց, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ապրիլին, իր բացակայության պայմաններում, որոշում է կայացրել մերժել իր պաշտպանյալին պայմանական վաղակետ ազատ արձակելու դիմումը։

Վարդանյանի պատժի կրման վերջնաժամկետը լրանում է նոյեմբերին։ Ի դեպ, նույն պայմաններով այժմ ազատության մեջ է նաև «Նոյեմբերի 5-ի» գործով դատապարտված Լիպարիտ Պետրոսյանը, ով դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։

Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանն ու նրա համախոհները «անոնիմուսների երթ» էին սկսել Ազատության հրապարակից, որը Մաշտոցի պողոտայում վերաճել էր ոստիկանների հետ բախումների։ Այս գործով դատապարտվեց 14 մարդ։

Մասնավորապես՝ Վարդան Վարդանյանը մեղավոր էր ճանաչվել խուլիգանության մեջ:

Ինեսսա Պետրոսյանը նաև նշեց, որ այս պահին ուղիներ են փնտրում նաև Շանթ Հարությունյանին ազատ արձակելու ուղղությամբ։ Փաստաբանն ասաց, որ Հարությունյանը պահանջում է արդարացման դատավճիռ կայացնել և այլ պայմաններով ազատ արձակվելուն համաձայն չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG