Մատչելիության հղումներ

Արմավիրում մարդկանց զանգվածային թունավորման պատճառ է դարձել սալմոնելոզի հարուցիչը


«Մեծամոր» ԲԿ տեղափոխված այս կինը ևս սննդային թունավորում ստացածների թվում է, 18-ը մայիսի, 2018 թ․

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Արմավիրի մարզի «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցների թունավորման դեպքի առթիվ։

Երեկ ընկերության 247 աշխատակիցներ խաղողի այգիներում աշխատելու ընթացքում, ընդմիջմանը, կերել է «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ի մատակարարած սենդվիչներ, որոնցում եղել է հավի միս, պանիր, կարտոֆիլ և կանաչեղեն: Աշխատակիցները նաև կեռաս են կերել ու «Վազգեն Ղուկասյան» ԱՁ-ի մատակարարած ջրից խմել։

Երեկ և այսօր «Արմավիր» ու «Մեծամոր» ԲԿ-ներ է տեղափոխվել նրանցից 87-ը, բոլորը՝ նույն ընկերության աշխատակիցներ ու նույն ախտանիշներով։ «Երեկ աղջկերքը պերերիվից հետո, ժամը երկուսի մոտերը, սրտխառնոց ունեցան՝ վատանում էին, հետ էին տալիս, դեմքները կապտել էր»,- պատմում է հիվանդանոց տեղափոխված կանանցից մեկը: Առողջապահության նախարարության հաղորդմամբ՝ հիվանդներից վերցված կենսաբանական նմուշներում հայտնաբերվել են սալմոնելոզի հարուցիչներ: Սննդի, շրջակա միջավայրի լվացուկների և ջրի հետազոտություններն ընթացքի մեջ են:

Արգենտինահայ մեծահարուստ Էդուարդո Էռնեկյանին պատկանող և «Կարաս» գինիների արտադրությամբ զբաղվող ընկերության աշխատակիցներին սնունդ է մատակարարում «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ը։ Երեկվանից ՍԱՊԾ-ն ստուգումներ է անցկացնում տեղում։ Ծառայության աշխատակից Լյուբա Եսայանն այսօր «Ազատությանն» ասաց․ «Հիմա էն, ինչ տեսել եմ, արձանագրել եմ՝ հատակը պետք է անպայման կաֆելապատ լինի, առանց ջրանցի տարածքի, պատերը նորոգ վիճակում պիտի լինեն, կաթսաները, այն տախտակները, որի վրա հավի միսն է կտրատվում, դանակները, ամեն ինչը պետք է նորոգ վիճակում լինի»:

Մատակարար Արա Ավետիսյանը պատրաստակամությամբ ցույց տվեց խոհանոցը, նշելով՝ հիգիենայի բոլոր կանոնները պահպանելով են սնունդը պատրաստում։ Ավետիսյանի հավաստմամբ, երեկ «Հայաստանի հողեր» ընկերությանը մատակարարված սննդից իր 10 հոգանոց ընտանիքն էլ է կերել: «Կոնկրետ երեկ մենք հավի միս, գիլաս, հաց, կարտոշկայի ֆրի, ամեն ինչ էլ կերել ենք: Ինձ ու իմ ընտանիքի անդամներին ոչինչ չի եղել»,- ասաց Ավետիսյանը:

87 հիվանդից այս պահին հիվանդանոցում բուժումը շարունակում է 21-ը։ Բժիշկների հավաստմամբ, նրանց վիճակը բավարար է, հավանաբար վաղն արդեն դուրս կգրվեն։ «Հայաստանի հողերի» հանրային կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանն «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ բժշկական բոլոր ծախսերը հոգալու է ընկերությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG