Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը վերացրել է Հերացու փողոցում ծեծկռտուքի առթիվ քրգործի հարուցումը մերժելու մասին որոշումը, հարուցվել է քրեական գործ


ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից այսօր որոշում է կայացվել ապրլի 16-ին Երևան քաղաքի Հերացու և Կորյունի փողոցների հատման խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ քրեական գործ հարուցելը մերժելու մասին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի կողմից կայացված՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացնելու մասին:

«Քննիչի կողմից 2018 թվականի մայիսի 8-ին, դիմողի բողոքի բացակայության պատճառաբանությամբ, կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Հիմնավորված է համարվել, որ չնայած անհայտ անձանց գործողություններում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, սակայն Ա. Բ.-ն իրեն մարմնական վնասվածք հասցրած անձանց նկատմամբ բողոք չի ներկայացրել:

Նախապատրաստված նյութերի ուսումնասիրության արդյունքում, սակայն, պարզվել է, որ բավարար միջոցներ չեն ձեռնարկվել ենթադրյալ հանցանք կատարած անձանց պարզելու ուղղությամբ, ինչպես նաև անհիմն հաստատված է համարվել վիճաբանության որոշակի պատճառ ու շարժառիթ՝ առանց այն պատշաճ ընթացակարգով ստուգելու:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են մի խումբ անձանց կողմից բռնություն գործադրելով հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու վերաբերյալ տվյալներ, իսկ վերը նշված պատճառաբանության պայմաններում հիմնավոր չի կարող լինել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի բացակայության մասին հետևությունը՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին քննիչի 2018 թվականի մայիսի 8-ի որոշումը վերացնելու և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին: Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- մասնավորապես, նշված է դատախազության հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ ապրիլի 16-ին Կորյուն-Հերացի փողոցների խաչմերուկում բախում էր տեղի ունեցել ցուցարարների և 62SS465 պետհամարանիշով մեքենայի վարորդի միջև։ Վարորդն ու ուղևորները հարձակվել էին ակտիվիստների վրա, հարվածներ հասցրել նրանց և ճեղքելով ուսանողական պատը՝ մեքենայով հեռացել: Ավելի ուշ ՔԿ-ն մերժել էր քրգործի հարուցումը, հիմնավորելով՝ մարմնական վնասվածք հասցրած անձանց դեմ բողոք չի ներկայացվել:

Երեկ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ հանձնարարական էր տվել ոստիկանապետ Վալերի Օսիպյանին՝ արագ բացահայտել բողոքի ցույցերի օրերին քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրողներին, ցուցարարների ավտոմեքենաները ջարդողներին: Նիկոլ Փաշինյանը հատկապես ընդգծել էր Հերացու փողոցում ուսանողների վրա հարձակումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG