Մատչելիության հղումներ

Որոշ առևտրականներ Բագրատաշենի մաքսակետից արդեն գոհ են, շատերն էլ առաջվա պես բողոքում են


Բագրատաշենի մաքսակետը, արխիվ

Մաքսակետի պետ Հովհաննես Հարությունյանն ասում է՝ կառավարության կազմի փոփոխությունից հետո հայ-վրացական սահմանագծում որևէ բան չի փոխվել:

Մաքսակետի պետի խոսքով՝ աշխատում են նախկին սկզբունքներով ու իրավական ակտերով, չնայած հանգամանքին, որ երեկ ՊԵԿ նախագահը հրաժարական տվեց, այդ պաշտոնում նոր մարդ նշանակվեց ու արդեն այսօր կառույցին պահանջներ ներկայացվեցին վարչապետի կողմից՝ չխանգարել տնտեսությանն ու տնտեսվարողներին, կրճատել ստվերը, մեծացնել բյուջեի եկամուտները, արմատախիլ անել կոռուպցիան։

Բագրատաշենի մաքսակետի պետը հավելում է՝ քաղաքացիները մատնացույց են անում վարչապետի հայտարարություններն ու հրաժարվում կատարել գործող օրենքների պահանջները․ «Մենք էստեղ աշխատում ենք, շարունակում ենք աշխատել նույն ոճով։ Մեզ համար, նորից եմ կրկնում, ոչինչ չի փոխվել։ Մի քիչ ավելի դժվարացել ա: Ժողովուրդն անընդհատ հանրապետության վարչապետի անունը տալով՝ մեզ վրա մատ ա թափ տալիս։ Մենք աշխատում ենք նույն ձևով»։

Հովհաննես Հարությունյանը հերքում է պնդումները, թե մինչ այժմ տնտեսվարողների առջև արհեստական խոչընդոտներ են հարուցվել, կոռուպցիա կամ ստվերային գործարքներ են տեղի ունեցել, որոնց մասին կառավարության ղեկավարը խոսել է ինչպես մինչև վարչապետ դառնալը, այնպես էլ դրանից հետո։ Ասում է՝ վերևից հնչող հայտարարությունները պետք է իրավական փաստաթուղթ դառնան, հակառակ դեպքում քաղաքացիների և մաքսավորների միջև մշտական կոնֆլիկտ է լինելու։

«Այսօր ժողովուրդը գալիս ա էստեղ ու ասում՝ մեզ ասել են ամեն ինչ կարող եք բերել։ Իհարկե, ամեն ինչ կարող եք բերել, բայց համապատասխան սահմանված կարգով մաքսային ձևակերպումները կատարելուց հետո։ Էդ ազատականացնելը միանգամից չի լինում ու խոսքով չի լինում։ Էդ ամեն ինչը պիտի դառնա օրենսդրական ակտ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանը։

Մինչդեռ՝ Բագրատաշեն գյուղի կենտրոնում միրգ ու բանջարեղեն վաճառող կանայք, ովքեր վերջին մեկ տարվա ընթացքում մաքսակետի, անգամ կառավարության շենքի դիմաց բողոքի բազմաթիվ ակցիաներ են իրականացրել, ճանապարհ փակել, ասում են, թե իշխանափոխությունից հետո Վրաստանից ապրանք ներկրելն անհամեմատ հեշտացել է․ առանց խոչընդոտների Վրաստանից Հայաստան են հասցնում միրգ ու բանջարեղեն։

«Վայ, էնքան բան ա փոխվել, ասենք, սիրուն կանգնացնում են՝ ի՞նչ ես տանում, ասում ենք՝ ամենքից՝ էս ա, էս ա, քիչ-քիչ բան: Իսկ էն ժամանակ պոմիդորը, վարունգը նարկոտիկի տեղ էր աշխատում։ Էդ իրանց համար ոնց որ նարկոտիկ լիներ»,- պատմում է կանանցից մեկն ու շարունակում․ «Երեկ չէ առաջին օրն ասա մի բան ասացի՞ն։ Ոչ մեկը չմոտեցավ։ Ես ուղղակի ապշել էի։ Մենք նենց ապրանք չենք բերում էլի, որ օպտավոյ լինի։ Մենք մեր հացի փողն ենք աշխատում։ Քիչ-քիչ՝ 10-15 կիլո բերում ենք, յոլա գնում, մեր ընտանիքը պահում»։

Անցած տարի ամռանը կառավարությունը ԵՏՄ համաձայնությունների շրջանակներում խստացրեց Հայաստան ապրանք ներկրելու պայմանները։ Մասնավորապես, եթե նախկինում քաղաքացիները հնարավորություն ունեին առանց մաքսազերծելու մինչև 50 կգ ապրանք ներկրելու, ապա դրանից հետո այդ չափաքանակը 10 անգամ կրճատվեց․ քաղաքացիներն այժմ 5 կգ-ից ավելի միրգ ու բանջարեղեն չեն կարող առանց մաքսազերծելու և առանց սանիտարական փորձաքննության ներկրել Հայաստան։

Դա մեծ դժգոհություն առաջացրեց հատկապես մաքսակետի հարակից գյուղերի բնակիչների շրջանում, ովքեր փոքր ծավալներով ապրանք են ներկրում հարևան Վրաստանից, վաճառում և ապրուստի նվազագույն խնդիրներ լուծում։ Չնայած բողոքներին, այդպես էլ իրավական կարգավորումներում ոչինչ չփոխվեց։ Մանր առևտրով զբաղվողները, որոնց հիմնական ձեռքբերման շուկան իրենցից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վրաստանն է, ամեն անգամ մեծ քաշքշուքների մեջ էին ընկնում՝ մի քանի կիլոգրամով ավելի ապրանք բերելու համար։

Մինչդեռ, մաքսակետից դեռևս դժգոհ են հագուստ ներկրողները։ Ստամբուլից Հայաստան մեկնող ավտոբուսի ուղևորներն ասացին, որ արդեն 10 ժամ է գտնվում են մաքսակետում և դժգոհեցին իրենց նկատմամբ մաքսավորների անհարգալից վերաբերմունքից։ Նրանց պնդմամբ՝ վատ է վերաբերմունքը հատկապես Թուրքիայից եկողների նկատմամբ։

«Եթե դուք գաք էդ ժամանակ, կանգնեք, նայեք, թե մեզ ոնց են դիմավորում, ասում են՝ էլի սրանք էկան, սրանց ուշադիր եղեք, էսա կգողանան ապրանքը։ Ասեմ ձեզ՝ մենք դիմում ենք էդ քայլին, մենք չենք հրաժարվում, այլ կերպ հնարավոր չի, մեր երկիրն ա էտ մեզնից պահանջում։ Ասում ա՝ եթե չգողանաք, ուրեմն պտի սոված սատկեք», «Մեր վրա մի կիլո հագուստի մաքսազերծումը նստում ա 5,5 դոլար», «Ոչ մեկ չի ուզում թուքումուր ուտի կամ լուրջ պրոբլեմներ ունենա։ Բոլորն էլ ուզում են օրինական աշխատեն, բայց իրանց տուն էլ մի երկու կոպեկ փող տանեն։ Իսկ էսօրվա ռաստամոժկով եթե բերում ես ինչ-որ ապրանք ու ձևակերպում ես, դու գնում ես մինուս անվերջություն, կործանվում ես»,- դժգոհում էին առևտրականները։

Նշենք, որ դեռ անցած տարի կոռուպցիայի մեղադրանքով կալանավորվել էին Բագրատաշենի մաքսատան 4 աշխատակիցներ։ Քրեական գործի քննությունն արդեն հասել է դատարան։ Մեղադրվողներից 3-ը այժմ կալանքի տակ է, մեկի նկատմամբ փոխվել է խափանման միջոցը, և նա ազատ է արձակվել։ Դատական նիստերը շարունակվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG