Մատչելիության հղումներ

«Կոռուպցիայի դեմ պայքարը թևակոխում է առավել վճռական ու թիրախավորված փուլ», - այսօր հայտարարեց Արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը, հավելելով, որ շուտով կոռուպցիայի դեմ պայքարող նոր մարմին է ստեղծվելու:

«Կառավարությունն առաջիկայում նախատեսում է ստեղծել անհրաժեշտ երաշխիքներով և գործիքակազմով օժտված հակակոռուպցիոն մարմին: Ընդ որում, մարմինն իրավասու է լինելու իրականացնել կանխարգելիչ, կրթական, օպերատիվ-հետախուզական և կրթական գործառույթներ: Կուզենայի շեշտել, որ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները մարմնի լիարժեք անկախությունն ապահովելու նպատակով», - նշեց Զեյնալյանը:

Նախարարը փոխանցեց, որ կոռուպցիայի դեմ պայքարի համար, ըստ էության, աննախադեպ լիազորություններով օժտված նոր մարմնի հայեցակարգը դեռ մշակման փուլում է, և հավելեց, որ աշխատանքներին ապահովելու են քաղաքացիական հանրության լայն ներգրավում․ - «Առանցքային ուշադրության է արժանանալու կոռւպցիոն դեպքերի բացահայտման ցուցանիշի բարելավումը: Մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք կոռուպցիան համատեղ ուժերով հաղթահարելու, կոռուպցիոն երևույթների դեպքում պատիժն անխուսափելի դարձնելու ուղղությամբ»:

Հայաստանյան հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի համակարգող Կարեն Զադոյանը ներկայացրեց կոռուպցիայի դեմ պայքարի իրենց տեսլականը: Օրինակ, առաջարկվում է կոռուպցիայի հետևանքով Հայաստանին պատճառված վնասը փոխհատուցելու համար ներդնել երկրից դուրս բերված գումարների վերադարձման համակարգ, որը կհիմնվի քրեական ու քաղաքացիական դատավարության վրա․ - «Ակտիվների վերադարձը չի նշանակում, որ կոնկրետ թիրախավորել ինչ-որ անձանց: Ակտիվների վերադարձը իրավական գործընթաց է, պետք է խուսափելի որևէ վենդետաներից, հաշվեհարդարներից: Դա պետք է կատարվի իրավական ընթացակարգերով, դատական ակտերի միջոցով: Իսկ մնացածը արդեն քննությունը կպարզի կոնկրետ անձանց շրջանակը»:

Փաշինյանի գլխավորած կառավարությանը կազմակերպություններն առաջարկում են նաև անպատժելիության մթնոլորտը վերացնելու նպատակով խորամուխ լինել ապօրինի հարստացման դեպքերի բացահայտման մեջ, և մենաշնորհների դեմ պայքարի համար հիմնել իրական սեփականատերերի ռեգիստր, ինչպես նաև իրականացնել Ընտրական ու Քրեական օրենսգրքերի, «Կուսակցությունների մասին» օրենքի հակակոռուպցիոն բարեփոխում:

Հակակոռուպցիոն բարեփոխումների ու կառույցների ստեղծման մասին հայտարարել են Հանրապետական կուսակցության գլխավորած բոլոր կառավարությունները, այդուհանդերձ, դրանց աշխատանքի արդյունավետությունը հակակոռուպցիոն կազմակերպությունների կողմից կասկածի տակ էին առնվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG