Մատչելիության հղումներ

Աճեմօղլուն Երևան կայցելի «առաջին հնարավորության դեպքում»


Հայազգի աշխահահռչակ տնտեսագետ Տարոն (Դարոն) Աճեմօղլուն լիահույս է Հայաստանի ապագայի հարցում, սակայն ընդունում է՝ հեշտ չի լինելու:

Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հետ զրույցում, Աճեմօղլուն անդրադարձել է Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերին՝ նշելով, որ առաջին հնարավորության դեպքում Երևան կայցելի:

Խոսելով Հայաստանի տնտեսության վիճակի մասին՝ հայազգի տնտեսագետը կարծիք է հայտնել, թե երկրի տնտեսությունը մեծապես տուժել է կոռուպցիայի վրա հիմնված քաղաքական համակարգից:

«Հայաստանի հասարակության մեջ և արտասահմանում մեծ հույս կա, որ այժմ շրջադարձային կետում ենք գտնվում: Անհրաժեշտ է հասարակական փոխակերպում, որը ճանապարհ կհարթի առավել մրցունակ և դինամիկ տնտեսության համար: Նման փոփոխությունը կարող է առաջնորդել միայն Հայաստանի հասարակությունը», - ընդգծել է Աճեմօղլուն:

Նա նշել է, որ կոռումպացված համակարգն արմատախիլ անելու բարդ գործընթացը «հնարավոր կլինի միայն բազմակողմանի մոտեցմամբ, ինչպես նաև լավ կրթություն ստացած, իդեալիստ ու չկոռումպացված նոր անձանց քաղաքականություն մտնելու ճանապարհով»:

Աճեմօղլուն պատմել է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն զանգել ու հարցրել է, թե արդյո՞ք ցանկանում է օգնել:

«Ասացի չգիտեմ, թե ինչպես և որքանով կարող եմ օգնել որպես երկրից դուրս գտնվող մեկը, բայց ուրախ կլինեմ ջանքեր ներդնել այդ գործում», - ասել է անվանի տնտեսագետը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել էր, որ հեռախոսազրույց է ունեցել Աճեմօղլուի հետ:

Ըստ Փաշինյանի, աշխարհահռչակ տնտեսագետն ասել է, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում:

«Պարոն Աճեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում», - Ֆեյսբուքում գրել էր Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG