Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերը BBC-ի հետ հարցազրույցում ասել է. «Իհարկե ուկրաինացիները չեն կարող վերադարձնել Ռուսաստանի կողմից գրավված տարածքները: Ռուսաստանը շատ ուժեղ է: Բայց Ռուսաստանի համար հետագա հարձակումների գինն արդեն բարձր է ու կարող է ավելի բարձրանալ»:
Նրա խոսքով, Մոսկվան պետք է մտածի, թե ինչ է ստանում այդ ամենից՝ երբ կորուստներ է կրում, երբ Ուկրաինայում ռուսաստանցի զինվորներ են զոհվում: Այդ ամենը հանուն ինչի՞»,- հինգշաթթի օրը BBC-ին տված հարցազրույցում հարց է հնչեցրել Վոլքերը:
Ուկրաինային ամերիկյան արտադրության մահաբեր զենք, մասնավորապես, հակատանկային հրթիռներ տրամադրելու վերաբերյալ նա նշել է՝ եթե Ուկրաինան չկարողա պահել իր դիրքերը, ապա կարող են նոր հարձակումներ լինել: «Ուկրաինային զենքի մատակարարումը Ռուսաստանին հստակորեն կհասկացնի, որ ավելին չեն կարող ստանալ՝ մեծ գին չվճարելով դրա դիմաց»- հավելել է ամերիկացի դիվանագետը:
Ուկրաինական քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Վիտալի Մարտինյուկի մեկնաբանությամբ՝ ամերիկացի դիվանագետը, փաստորեն, հստակ նշել է, որ հակամարտությունն Ուկրաինայի և Ռուսաստանի միջև է: «Դա մտացածին ներքին հակամարտություն չէ, կռիվն ընթանում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև: Պատերազմի հակամարտ կողմը Ռուսաստանն է, այլ ոչ թե Դոնեցկը կամ Լուգանսկը»,- ասել է ուկրաինացի փորձագետը, ընդգծելով՝ հենց դա է Վոլքերի հայտարարության իմաստը:
Ռուսական կողմի գնահատմամբ՝ Քուրթ Վոլքերը, փաստորեն, Կիևին կոչ է արել հաշտվել տարածքները կորցնելու մտքի հետ: Մասնավորապես, երեկ նման վերնագրով հոդված է հրապարակել «Մոսկովսկի կոմսոմոլեցը»՝ ներկայացնելով այդ առնչությամբ ռուսաստանցի փորձագետների մեկնաբանությունները:
Ուկրաինայի հարցով ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ բանագնաց Քուրթ Վոլքերն այս շաբաթվա սկզբին մեկնել է Ուկրաինա: Կիևում նա հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հետ, քննարկվել են ռազմագերիների փոխանակման, հակամարտ գոտում խաղաղապահ ուժեր տեղակայելու հետ կապված հարցեր: Ամերիկացի դիվանագետը մեկնել է նաև շփման գծին մոտ գտնվող ուկրաինական շրջաններ:
Այս շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) հայտնել է Ուկրաինայի արևելյան շրաջաններին լրացուցիչ 125 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու մասին: