Ռուսաստանի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար Ասադը հինգշաբթի օրը բանակցություններ են վարել Սոչիում:
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ այցի մասին նախապես չի հայտարարվել, Կրեմլը հաղորդագրություն և տեսագրություն է տարածել հանդիպումից հետո։
Ասադը, որ չափազանց քիչ այցեր է կատարում իր երկրից դուրս, վերջին անգամ Պուտինի հետ հանդիպել էր նորից Սոչիում՝ անցած տարի նոյեմբերին։
Սիրիական պատերազմը սկսվելուց հետո սա Ասադի երրորդ այցն է Ռուսաստան, առաջին անգամ նա Պուտինի հետ հանդիպել էր Մոսկվայում 2015 թվականին։
Ասադի հետ երեկվա հանդիպմանը ներկա էին նաև Ռուսաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարներ Սերգեյ Շոյգուն ու Սերգեյ Լավրովը։
Սոչիում, Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ, Ռուսաստանի և Սիրիայի նախագահներն ընդգծել են «քաղաքական կարգավորումը վերսկսելու լրացուցիչ պայմանների անհրաժեշտությունը»:
Մի քանի ամիս առաջ՝ հունվարին, նույն Սոչիում ռուսական կողմի նախաձեռնած «Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսում» պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՄԱԿ-ի հովանու ներքո Ժնևում կազմակերպել Սիրիայի նոր Սահմանադրության կոմիտե, որի նպատակը պետք է լինի Սիրիայի իշխանությունների և ընդդիմության մասնակցությամբ մշակել նոր Սահմանադրություն։ Մոսկվան սա ներկայացնում է որպես Աստանայում սիրիական հարցով բազմաթիվ հանդիպումների շարունակություն։ Աստանայում, հիշեցնենք, սիրիական ճգնաժամի կարգավորման բանակցություններին մասնակցում էին նաև Իրանն ու Թուրքիան։
Պուտին-Ասադ հանդիպման նախօրեին ՄԱԿ-ի Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան հայտարարել էր, թե ՄԱԿ-ը նախկինի պես պատրաստ է աշխատել սիրիական հարցով Սահմանադրական կոմիտեի ստեղծման շուրջ։
Երեկ Սոչիում կայացած բանակցություններին Ասադը հայտարարել է, որ Սիրիայի կառավարությունը պատրաստ է բանագնացներ ուղարկել Ժնև՝ կոմիտեի աշխատանքներին մասնակցելու համար։
Հանդիպմանը, իհարկե, խոսվել է ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում զգալի հաջողությունների մասին։ Ահաբեկիչների շարքում Ասադը տեսնում է նաև սիրիական ընդդիմության որոշ խմբերի։
Պուտինը հանդիպմանը շնորհավորել է Ասադին: «Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ ահաբեկչական խմբավորումների դեմ պատերազմում սիրիական բանակի զգալի հաջողությունների համար։ Ձեր զինված ուժերի շնորհիվ վերջին շրջանում ձեռնարկվել են քայլեր, որոնք առաջիկայում զգալիորեն նպաստելու են Սիրիայի օրինական իշխանության ամրապնդմանը», - ասել է Ռուսաստանի նախագահը՝ հավելելով․ - «Ահաբեկիչները չեզոքացվել են Սիրիայի առանցքային շրջաններում»։
Ասադն էլ, իր հերթին, Պուտինին շնորհակալություն է հայտնել ռազմական օգնության համար։
Մոսկվան, հիշեցնենք, Սիրիայում 7 տարի առաջ սկսված պատերազմում Ասադի առանցքային դաշնակիցն է և 2015 թվականից պաշտոնապես օդային գործողություններ է իրականացնում սիրիական տարածքում՝ կառավարական ուժերին օժանդակելու նպատակով: Արևմտյան աղբյուրների համաձայն՝ Սիրիայում գործում են նաև ռուսաստանյան ոչ պաշտոնական ռազմական կառույցներ։
Միացյալ Նահանգներն ու եվրոպական երկրները քննադատում են Ռուսաստանին, իրենց բնորոշմամբ, լեգիտիմությունը կորցրած Ասադին աջակցելու համար։ Սիրիայի գործող նախագահին Արևմուտքը մեղադրում է սեփական ժողովրդի դեմ քիմիական զենք օգտագործելու համար։ Վերջին անգամ, Արևմուտքի տվյալներով, քիմիական գրոհ տեղի է ունեցել այս տարվա ապրիլի 7-ին:
Մոսկվան Ասադի դեմ այս մեղադրանքները չի ընդունում և շարունակում է աջակցել նրան։
Երեկ Սոչիում Ասադն ու Պուտինը խոսել են նաև Սիրիայի տնտեսությունը վերականգնելու անհրաժեշտության մասին։ Ասադը մասնավորապես ասել է, թե ռուսական մի շարք ընկերություններ սիրիական տնտեսության մեջ զգալի ներդրումներ կատարելու պատրաստակամություն են հայտնել: