Մատչելիության հղումներ

Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն ու չվնասի ընդհանուր շահը․ Զեյնալյան


Արտակ Զեյնալյան, արխիվ

Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գլխավոր դատախազի հնարավոր փոփոխության հարցին, արդարադատության նախարարը հիշեցրեց՝ դա խորհրդարանի լիազորության շրջանակում է:

Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հաշիվ տա իրեն և իր գործողություններով չպետք է վնասի ընդհանուր շահը: Այսօր անդրադառնալով «Սասնա ծռեր» զինված խմբի անդամների ազատ արձակման պահանջով բողոքի միջոցառումներին, այս մասին հայտարարեց արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանը:

«Կարծում եմ՝ պետք է մարդիկ հաշվի առնեն, որ երբ իրականացնում են բողոքի ակցիաներ, նաև կորող են միջամտել այլոց իրավունքներին և ազատություններին: Պետք է կարողանան իրենց հաշիվ տալ: Երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից հայտարարվեց, նաև հարցազրույցով հանդես է եկել հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ասելով, որ ամենաթողության մթնոլորտը կարող է կործանել երկիրը:

Յուրաքանչյուրը պետք է հաշիվ տա իրեն և իր գործողություններն այնպես անի, որ չվնասի ընդհանուր շահը: Այս հեղափոխությունը բացառիկ հեղափոխություն է, որ աշխարհում տեղի է ունեցել, և յուրաքանչյուրս պատասխանատու ենք դրա համար: Եթե մեր մտքով ինչ-որ բան է անցնում, ապա պետք է չբացառենք, որ դա կարող է հակասել ուրիշների կարծիքին: Եվ դա պետք է օբյեկտիվության սահմաններում քննարկվի և լուծում ստանա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Զեյնալյանը:

Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու գործով արդեն երկու տարի կալանքի տակ գտնվող «Սասնա ծռերի» աջակիցները, հետևելով վարչապետ Փաշինյանի կոչին, երեկ վերականգնեցին շուրջ 24 ժամ կաթվածահար եղած Արշակունյաց պողոտայի երթևեկությունը: Այդուհանդերձ, «Սասնա ծռերի» համախոհները շարունակում են փակ պահել Շենգավիթ վարչական շրջանի դատարանի մուտքերը, արդեն 2 օր թույլ չտալով, որ զինված խմբի անդամները տեղափոխվեն դատարանից:

Վերջին 30 տարվա ընթացքում կուտակվել են բազմաթիվ անարդար որոշումներ ու դատական խնդիրներ, ուստի կառավարությանը պետք է տալ ժամանակ՝ դրանցով զբաղվելու համար, ասում է նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թևան Պողոսյանը:

«30 տարի հանդուրժել ենք, եկեք մեկ ամիս, մեկ շաբաթ կամ մեկ օր էլ հանդուրժենք, մարդիկ այդ աշխատանքով զբաղվեն: Ասել են, հասկացել են, դա իրենց համար առաջնային է և զբաղվելու են: Եթե մենք ինքներս համբերատար չենք լինելու, ապա մենք նպաստում ենք այն բանին, որ ամեն ինչ մնա հին ձևով՝ զանգով դատեն, զանգով բաց թողեն»,- նշում է նախագահի խորհրդականը:

«Սասնա ծռերի» աջակիցների փոխանցմամբ՝ երեկ ուշ երեկոյան տեղի է ունեցել իրենց ներկայացուցիչների հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկված հարցերի շուրջ մանրամասներ չեն հաղորդվում:

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, հակադրվելով վարչապետի արտահայտած կարծիքին՝ օրեր առաջ հայտարարել էր, թե Հայաստանում քաղբանտարկյալներ չկան: Ակնարկելով, որ ըստ օրենսդրության՝ վարչապետը խորհրդարանի կողմից ընտրվող գլխավոր դատախազին պաշտոնանկ անել չի կարող, արդարադատության նախարարն այսօր, լրագրողների հետ զրույցում, անդրադարձավ նաև դատախազի հնարավոր փոփոխության հարցին:

«Գլխավոր դատախազը ընտրման մեխանիզմ ունի, մենք որևէ գործողություն չենք կատարելու, որը հակասելու է իշխանությունների տարանջատման սկզբունքին»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

«Ելք» խմբակցության արդեն նախկին պատգամավորի կարծիքով՝ դատական համակարգի առողջացման հարցում կարևոր դեր ունի Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհուրդը: Ընդ որում՝ նախարար Զեյնալյանը չհամաձայնեց, որ ՀՀԿ-ի իշխանության օրոք ընտրված այդ խորհուրդը հանրային վստահություն չի վայելում:

«Հանրության մեջ այդպիսի տեսակետներ ես չեմ շոշափել: Բարձրագույն դատական խորհուրդը ընտրվել է և այն աշխատում է: Որոշումն ընդունվել է Ազգային ժողովի կողմից, կողմ և դեմ քվեարկածների արդյունքում ԲԴԽ-ն ընտրված է: Դա Ազգային ժողովի, բոլորի կողմից ընդունված որոշում է, այդ թվում՝ դեմ քվերակածների»,- ասաց արդարադատության նախարարը:

Նա տեղեկացրեց նաև, որ իր ղեկավարած գերատեսչությունը դեռ չի սկսել Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու աշխատանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG