Մատչելիության հղումներ

Ամերիկյան դատարանն ազատազրկման դատապարտեց Իրանի դեմ սանկցիաները շրջանցած թուրք գործարարին


Նկարում՝ թուրք գործարարներ Մեհմեթ Հաքան Աթիլան (ձախից) և Ռեզա Զարաբը, արխիվ
Նկարում՝ թուրք գործարարներ Մեհմեթ Հաքան Աթիլան (ձախից) և Ռեզա Զարաբը, արխիվ

Նյու Յորքի Մանհեթենի դատարանը թուրք բանկիր Մեհմեթ Հաքան Աթիլային դատապարտել է 2,5 տարվա ազատազրկման: Մայիսի 16-ին կայացրած վճռով դատավոր Ռիչարդ Բերմանը Թուրքիայի պետական Halkbank բանկի կառավարչի տեղակալ Աթիլային մեղավոր է ճանաչել ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները շրջանցելով Իրանի հետ անօրինական գործարքներին աջակցելու համար:

Նա ԱՄՆ-ում ձերբակալվել էր դեռ անցյալ տարի: Այդ ժամկետը հաշվի առնելով՝ թուրք գործարարն անազատության մեջ կմնա ևս 18 ամիս, մինչդեռ, դատախազությունը պահանջել էր նրան դատապարտել 20 տարվա ազատազրկման: Թուրք բանկիրի փաստաբաններից Վիկտոր Ռոքոն արդար է համարել դատարանի այս վճիռը, այունուամենայնիվ, նշելով, թե կբողոքարկի այն:

Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդազն այսօր ասել է, թե ամերիկյան դատարանի վճիռը «քաղաքական է»: Թուրքիայի արտգործնախարարությունն էլ հայտարարել է, որ Աթիլայի դատավճիռն անօրինական է ու չի համապատասխանում արդարադատության սկզբունքներին, քանի որ, ըստ ԱԳՆ-ի, հիմնված է Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների տրամադրած կեղծ վկայությունների ու ոչ հավաստի ապացույցների վրա:

Թուրքիայի իշխանությունները ԱՄՆ-ում բնակվող կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են 2016 թվականի հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ և Վաշինգտոնից պահանջում են նրա արտահանձնումը: Հեղաշրջման տապալված փորձից հետո ողջ Թուրքիայում ձերրբակալվել, պաշտոնանկ են արվել և տարատեսակ հետապնդումների են ենթարկվել տասնյակ հազարավոր մարդիկ, որոնց իշխանությունները «գյուլենական» է համարում, իսկ կրոնական գործչի կազմակերպությունները՝ «ահաբեկչական»:

47-ամյա թուրք բանկիրի գործը վերաբերում է 2010-2015 թվականներին իրականացված գործարքներին: Այսպես կոչված՝ «Ոսկի նավթի դիմաց» գործարքներով նա շրջանցել է ամերիկյան պատժամիջոցները, օգնել է Թեհրանին՝ հաղթահարել պատժամիջոցների հարուցած տնտեսական դժվարությունները՝ միլիոնավոր դոլարներ փոխանցելով Իրանին: Այս գործով անցնող գլխավոր անձանցից մեկն էլ Թուրքիայի և Իրանի քաղաքացի, ոսկու առևտրով զբաղվող գործարար Ռեզա Զարաբն է: Նա ևս ԱՄՆ-ում ձերբակալվել ու իրեն մեղավոր է ճանաչել և այժմ համագործակցում է հետաքննությունն իրականացնողների հետ:

Աղմկահարույց այս գործը Վաշինգտոն-Անկարա հարաբերություններում վերջին շրջանի լարվածության պատճառներից մեկն է դարձել, քանի որ գործում շոշափվում են նաև Թուրքիայի նախկին բարձրաստիճան պաշտոնյանների անուններ, որոնց թողտվությամբ են իրականացվել անօրինական գործարքները: Ռեզա Զարաբն իր ցուցմունքներում ասել է, թե կաշառել է նրանց:

Իր ցուցմունքներում նա նշել է նաև Ռեջեփ Էրդողանի անունը, ով այն ժամանակ վարչապետ էր: Նշել է նաև Էրդողանի ընտանիքի որոշ անդամների անուններ: Հաղորդվում է, որ Իրանի հետ այդ գործարքներից մոտ մեկ միլիարդ դոլարի շահույթ է ստացվել: Գործարքներում առկա սխեմաներից մեկով՝ Halkbank-ի միջոցներով ոսկի է գնվել, այն վաճառվել Դուբայում, ստացված գումարն էլ փոխանցվել է Իրանին, որտեղից նավթ է ներմուծվել:

Անկարան հերքում է բոլոր մեղադրանքները, հայտարարելով, թե դրանք շինծու են և գյուլենականների կողմից սարքված դավադրություն Թուրքիայի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG